«Հումորի լիգայում» հնդիկները «պայթեցրել են» դահլիճը. երկրորդ եթերաշրջանի թեժ մեկնարկը տրված է

Զվարճանք

«Հումորի լիգայում» հնդիկները «պայթեցրել են» դահլիճը. երկրորդ եթերաշրջանի թեժ մեկնարկը տրված է

«Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Հումորի լիգա» նախագծի երկրորդ եթերաշրջանը: Ակնկալիքների, փոփոխությունների ու այլ նորությունների մանրամասները հեռուստաընկերությունը վստահել է Tert.am Life–ին։ Նախագծի ժյուրիի կազմում ընդգրկված են ոչ միայն  դերասաններ, այլև քաղաքական գործիչներ։

«Հումորի լիգա» նախագծի, FunnyMen Production-ի պրոդյուսեր Արմեն Սուքիասյանն ասաց, որ ժյուրին ընտրվել է ստեղծագործական խմբի կողմից. մոտ 20 հոգուց բաղկացած ցուցակից ընտրել են առաջին ֆավորիտներին։ Ըստ նրա` որևէ մեկից մերժում չեն ստացել:

Ժյուրիի կազմում կան մշտական ու ոչ մշտական անդամներ։ Հիմնական անդամներն են` Անահիտ Կիրակոսյանը, Գայա Արզումանյանը, Արմեն Սուքիասյանը, Վահագն Գալստյանը, Արտյոմ Հակոբյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Հրավիրվող ժյուրիի կազմում է լինելու, օրինակ, Սփյուռքի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

«Սա նորարարություն է. շատերն էին ուզում խաղերը դիտելուց բացի, լինել նաև ժյուրիի կարգավիճակում: Մեզ էլ է հետաքրքիր, թե ինչպես թիմերի ելույթներին կարձագանքեն մարդիկ, որոնք նրանց անցած ճանապարհը, գուցե, այդքան էլ լավ չգիտեն ու առաջին անգամ են տեսնում խաղը: Այս ձևաչափը նաև թույլ կտա, որ ժյուրիի կազմում ունենանք բավականին հետաքրքիր անդամներ՝  քաղաքական գործիչներ, դերասաններ, այլ ոլորտներից հայտնի մարդիկ»,– ասաց Արմենը։

Ժյուրիի հիմնական կազմում ԱԺ պատգամավոր  Արման Աբովյանի ներգրավված լինելը շատերի համար է անակնկալ։ Պրոդյուսերն այս հարցին իր մոտեցումն ունի։ «Արման Աբովյանը քաղաքական գործիչ լինելուց բացի նաև մեդիադեմք է՝ նրան շատերը արդեն գիտեին «Ուրախների ու հնարամիտների ակումբ», «Ինչ, որտեղ, երբ», IQ  և մի շարք այլ նախագծերից: Բացի այդ, Արմանն առաջին եթերաշրջանում որպես աստղային հյուր խաղաց «Առնոլդ Արոնյան» թիմում։ Այդ ժամանակ էլ էլ առաջացավ նրան ժյուրիի կազմում ներգրավելու գաղափարը,– ասաց նա ու հավելեց, որ որպես թիմի ղեկավար Արման Աբովյանը չի ներկայանալու,– ի վերջո, նա քաղաքական գործիչ է, գործուղումները շատ են. հնարավոր է` չկարողանա ինչ-որ օր ներկա լինել, ինչը թիմի ղեկավարի դեպքում պարտադիր պայման է»:

Պրոդյուսերը մտավախություն չունի, որ, գուցե չկարողանան կրկնել առաջին եթերաշրջանի հաջողությունը, ավելին, վստահ է՝ այս եթերաշրջանն ավելի ուժեղ է լինելու. «Հումորի մշակույթը զարգանում է. բեմը կարծրացած չէ, այստեղ չպետք է լինեն մարդիկ, որոնք 90-ականներից  նույն տեղն են զբաղեցնում: Այն, որ հայկական հումորային success story ասվածն աշխատում է, մարդիկ հասկացան «Զվերապոլիս» թիմի  օրինակով. անդամներն ունեն իրենց սեփական նախագիծը: Օրագրային ձևաչափը  դարձրել են լրիվ առանձին հաղորդում՝ իրենց հյուրերով, մրցույթներով։ Մենք ցույց ենք տալիս, որ դաշտը բաց է բոլորի համար. թիմերը, որոնք այսօր դեռ անփորձ են, կարողանում են կրթված, գրագետ, փորձառու գեղարվեստական ղեկավարներից, սցենարիստներից սովորել այնքան, որ վաղն իրենք  կարողանան թիմ ղեկավարել. օրինակ՝ «Հարսանիք լեռներում» թիմի տղաներն այսօր Արցախի լիգայի գեղարվեստական ղեկավարներն են»։

Արմենը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ թիմերի քանակն այս անգամ քիչ է, բայց դա պայմանավորված է ոչ թե դիմորդների քանակով, այլ նախորդ եթերաշրջանի սահմանած նշաձողից հետո ընտրության բարդությամբ։ Նա նկատեց, որ դժվար է նշմարել առաջատարին։

«Եթե մենք մտածում էինք, որ «Հեթ-տրիկը» բացարձակ ֆավորիտ կլինի, արդեն տեսնում ենք, որ մինչև քվեարկություն պարզ չի լինելու, թե ով կլինի չեմպիոն. բավական ուժեղ սեզոն է սպասվում: Ֆավորիտ չունենք: Ես նայել եմ 18 թիմի խաղ ու գաղափար չունեմ, եթե ինքս լինեի թիմի ղեկավար, որին կընտրեի: Բնականաբար, «Հեթ-տրիկի» տղաները շատ ուժեղ են, ֆավորիտների ցանկում են, բայց Հնդկաստանի հավաքականը, օրինակ, երեկ պայթեցրեց դահլիճը, ծիծաղի հիստերիա էր ուղղակի: Ինչպես Գլումովն ասաց՝ «Հումորի լիգան» արդեն միջազգային նախագիծ է, որովհետև ունենք Հնդկաստանի հավաքական»,– եզրափակեց նա։

Աղբյուրը՝ life.tert.am

Նկարահանումներին կարող են մասնակցել բոլորը. տեղերն ամրագրելու համար կարող եք գրել Funny Men Production էջին կամ ամրագրել toms.am կայքից:

(Visited 117 times, 1 visits today)