Փաբային կյանքն ու պլաստիկ վիրահատությունները․Արարատին պետք է հեռվից նայել

Հետաքրքիր է

Հայաստանի քաղաքական Օլիմպոսում «ռեստարտը» շարունակվում է։ Գրեթե ամեն օր կառավարության կայքն ավետում է հերթական պաշտոնակալի անունը, որի կենսագրությունը հաճախ չի էլ գերազանցում A4 թղթի կես էջը։ Թեպետ ասում են՝ նոր կառավարությունում տիտանների պակաս չկա․ նրանք էլ ղեկավարում են «ամենակարևոր» սեկտորները։ Primenews.am-ը ներկայացնում է «Քաղաքական Օլիմպոսի պաշտոնյաները» շարքը, որի շրջանակում կանդրադառնանք նոր ձևավորվող կառավարության անդամներին, նրանց անցած ուղուն։ Կներկայացնենք հանրությանը պակաս հայտնի դեմքերին ու դեպքերը, կանդրադառնանք նրանց ֆեյսբուքյան ուշագրավ գրառումներին ու նրանց մասնակցությամբ համացանցային «սկանդալներին»։ Քաղաքական Օլիմպոսի առաջին պաշտոնյան առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է։ Կենսագրական Միրզոյանը պամաբան է։ Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև՝ մագիստրատուրան: Սովորել է Պետական կառավարման ակադեմիայում, ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունն ու ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։ Միրզոյանը, ինչպես ինքն է նշում, ուսանողական, հետո նաև քաղաքական ակցիաների «մեծ սիրահար» է։ 2004 թվականին նա մի խումբ երիտասարդ գիտնականների եւ ուսանողների հետ նախաձեռնել ու ակտիվ մասնակցել է «Հանուն գիտության զարգացման 1» շարժմանը: Այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունն առաջ էր քաշել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախագիծը, որը, ինչպես մեկնաբանել էին մասնակիցները, հակասում էր կրթության շարունակականության և անընդհատության սահմանադրական սկզբունքին, և որի ընդունման դեպքում բազմաթիվ ուսանողներ, այդ թվում նաև Արարատ Միրզոյանը զորակոչվելու էին զինվորական ծառայության: ՀԳԶ-ի ջանքերով օրենսդրական նախաձեռնությունը չեղյալ համարվեց, Միրզոյանն էլ չծառայեց բանակում։ Նա կառավարության «չծառայած պաշտոնյաների» ցանկում է։ Աշխատանքային Միրզոյանի աշխատանքային կենսագրությունը մտահոգիչ է․ առաջին հայացքից ոչ մի պորտալար կառավարության գործունեության հետ, առավել ևս՝ առաջին փոխվարչապետի ինստիտուտի։ Կրտսեր գիտաշխատողից մինչև գլխավոր արխիվագետ, վերլուծաբանից մինչև փորձագետ ու մի թիթեռի կյանք էլ՝ պատգամավոր։ Ահա և վերջ․ 40-ամյա առաջին փոխվարչապետի աշխատանքային փորձն այսքանով ավարտվում է։ Անձնական Միրզոյանը փաբային կյանքի սիրահար է։Նրան հաճախ կարելի է հանդիպել երևանյան փաբերում, որտեղ էլ, երևի, ձևավորվել է նրա «փաբային թիմը»։ Մտերիմները տարբեր առիթներին պատմում են, որ Միրզոյանը խմիչքների մեծ գիտակ է, պակաս սիրահար էլ չէ։ Առաջին փոխվարչապետը էսթետ էլ է, վկայությունը պլաստիկ վիրահատություններն են քթի և ականջների շրջանում։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։ Կինը Գոհար Աբաջյանն է, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։ Արարատի հետ ծանոթացել են 2004 թվականի ուսանողական պայքարի տարիներին։ Գոհար Աբաջյանը բավական ակտիվ ֆեյսբուքցի է, որի գրառումները դառնում են մի ստվար զանգվածի համար քննարկման թեմա։ Նա պարբերաբար «գովազդում» է ամուսնուն, հրապարակում ընտանեկան լուսանկարներ, ցույց տալիս, թե որքան հոգատար հայր է առաջին փոխվարչապետը։ Ֆինանսական Արարատ Միրզոյանի և կնոջ ֆինանսական հայտարարագիրը տխուր վիճակում չէ։ Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձնանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի՝Միրզոյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, մեկ ավտոմեքենա KIA Sօrento 3.3L մակնիշի։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 3մլն դրամ, ստացված փոխառությունը վարկեր, 500 հազար դրամ։ Կինը՝ Գոհար որպես դրամական միջոց` հայտագրել է 410 հազար դրամ, իսկ եկամուտը հարկային տարում կազմել է 5մլն 150 հազար դրամ, անշարժ կամ շարժական գույք, ինչպես նաև 8մլն դրամը գերազանցող թանկարժեք իրեր չի հայտարարագրել։ Բայց չմոռանանք, որ առաջին փոխվարչապետի պաշտոնի համար, ըստ Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի, կլորիկ աշխատավարձ է սահմանված՝ 1 մլն 58 հազար 2 հարյուր 40 դրամ։ Քաղաքական Արարատ Միրզոյանն ամիսներ առաջ ԱԺ-ում, Փաշինյանի, Մարուքյանի և «Ելք» դաշինքի մի քանի պատգամավորների հետ բարձրաձայնում էր «Առաջին» փոխվարչապետի ինստիտուտի հակասահամանդրական լինելու մասին։ Հիշեցնենք՝ «Անվտանգության խորհրդի մասին» օրենքում առաջին անգամ ամրագրվեց «առաջին փոխվարչապետ» հասկացությունը։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ այս ինստիտուտը հատուկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «հագով է կարվել», որի դեմ էլ «պայքարում» էին ելքականները՝ համարելով այն հակասահմանադրական, քանի որ Սահամանդրությունը, որպես այդպիսի, «չի ճանաչում» առաջին փոխվարչապետի ինստիտուտը։ Հիմա քաղաքական իրավիճակն, ըստ էության, փոխվել է, հին խոստումները հաճախ մոռացվել են, մտահոգությունների շրջանակը՝ փոխվել։ Առաջիկայում կհրաժարվե՞ն «Առաջին» փոխվարչապետ ձևակերպումից Միրզոյանն ու իր թիմը, բարդ է կռահելը, երբ ամեն օր կարդում ես մամուլի հաղորդագրություններն ու հրապարակումները, որտեղ սևով սպիտակին «գրված է»․ «Մ. Ա. Ա. Վ.»- «Միրզոյան Արարատ՝ Առաջինը վարապետաց»։

Լևոն Բակունցhttp://primenews.am/?p=1122&l

(Visited 621 times, 1 visits today)