Արմեն Խաչատրյանը՝ բանակում զոհերի մասին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ բանակում խաղաղ պայմաններում զոհերի պատճառներից մեկն էլ քրեական ենթամշակույթի առկայությունն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, նա ասել է լրագրողների հետ զրույցում.

«Զորամասում չի կարող քրեական ենթամշակույթ լինել, եթե այն հանրության մեջ չլինի։ Հանրության մեջ եղած ենթամշակույթի պատկերացումները տեղափոխվում են զորամաս, որտեղ զենքի հետ գործ ունեցող զինվորների հետ առնչություն ունենք, ինչը երբեմն բերում է այսպիսի դժբախտ դեպքերի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի բանակում անգամ մեկ զոհ չլինի.

«Քրեական գործերի քննության ավարտից հետո մենք կարող ենք եզրահանգում անել և հասկանալ, թե ինչ միջոցներ պետք է կիրառել այս ուղղությամբ»,- ասել է Արմեն Խաչատրյանը`տեղեկացնելով, որ հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարելու, որից հետո իր դիրքորոշումը կհայտնի։

Արմեն Խաչատրյանն անդրադարձել է նաև ոստիկանությունում բարեփոխումներ անելու գործադիրի նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ տիրող իրավիճակին.

«Որովհետև Ոստիկանությունը չունի այն անհրաժեշտ գործիքակազմը, այն լիազորությունները, որոնք նրան անհրաժեշտ են իր առջև դրված խնդիրները լուծելու համար»,- ասել է նա։ Ըստ Արմեն Խաչատրյանի ՝ մշակված ռազմավարությունը լավն է, որի իրականացմանն ուղղված քայլերի արդյունքում Ոստիկանությունը համարժեք կլինի հանցավորությանը, տեխնիկապես զինված կլինի, և իհարկե, Ոստիկանության իմիջը կբարձրանա.

«Օրվա իշխանությանը ծառայող և հարկադրանք կիրառող ոստիկանության այդ իմիջը կփոխարինվի հասարակական անվտանգությունը պահպանող, հարգանք վայելող ոստիկանի կերպարով, և մի շարք կառուցվածքային փոփոխություններ կիրականցվեն՝ պարեկային ոստիկանություն կստեղծվի, օպերատիվ կառավարման կենտրոն կստեղծվի, որը հնարավորություն կունենա արագ արձագանքել բոլոր իրավախախտումների և պատահարների ժամանակ»,- նշել է Արմեն Խաչատրյանը։

/filemanager/uploads/2020/02/week-2/Armen_Xachatryan.jpg

Ըստ պատգամավորի՝ այս բարեփոխումների արդյունքով որոշ դրույթներով ոստիկանությանը կփոխանցվի նախաքննությանը մասնակցելու լիազորությունը, ինչը Քննչական կոմիտեի ստեղծումից հետո Ոստիկանությունից վերցրել էին։ Իսկ թե որ հանցագործությունների դեպքում ոստիկանությունը նախաքննությանը մասնակից լինելու հնարավորություն կունենա, Արմեն Խաչատրյանը պատասխանել է, որ նախնական տարբերակով՝ այն կվերաբերի սեփականության դեմ ուղղված հանցագործություններին։ Արմեն Խաչատրյանը շեշտել է նաև, որ համակարգում համալրումներ են պահանջվում։ Մի շարք պահանջներ կան, որոնց առկայության պարագայում միայն կարող են համալրումները լինել։ Այդ տեսանկյունից, նա ընդգծել է, որ աշխատավարձի բարձրացում կլինի։

(Visited 265 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: