Անկումային շրջան ենք թևակոխել. Մայքլ Քոթանջյանը՝ հայկական էստրադայի մասին

Ամիսներ առաջ թողարկվեց երգիչ Մայքլ Քոթանջյանի «Իմ հոգու քաղաք» երգի հիման վրա տեսահոլովակը։ Հիմա արդեն սկիզբ է դրվել մի նախագծի, որի հիմքում երեք նոր երգ է․ դա տրիլոգիա է՝ «Իմ հոգու քաղաք» երգի թեմատիկ շարունակականությամբ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ Մայքլը։

Ի դեպ, երգերն ունենալու են տեսահոլովակներ, դրանցից մեկն էլ լինելու է դուետ․«Ձայնային, տեմբրային խնդիրներ կան, որոնք լուծելուց հետո կհասկանանք, թե ում հետ պետք է զուգերգ կատարեմ»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը։

Մայլքը իր հոր՝ դերասան Ռաֆայել Քոթանջյանի հետ պարբերաբար հանդես է գալիս ներկայացմամբ։

Հունիսի 9-ին եւս Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա հերթական ներկայացումը․ «Բայց ասեմ, որ ներկայացման ծրագիրն անընդմեջ թարմացվում է։ Ընդգրկվում են նոր կատարումներ, հումորային համարներ»,-շեշտեց երգիչը։

Հարցին, թե ինքը, ոգեշնչվելով հայրիկի աշխատանքից, ցանկություն կամ առաջարկ չունի արդյոք զբաղվել դերասանությամբ, Մայքլը պատասխանեց․ «Եղել է, որ զբաղվել եմ դերասանությամբ, եթե ինձ համապատասխան հետաքրքիր դեր լինի, ինչու ոչ, կհամաձայնեմ մարմնավորել»։

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք երգիչը կարոտում է 1990-ականների մթնոլորտը․ «Այդ մթնոլորտն, իհարկե, կարելի է կարոտել։ Չհաշված կենցաղային խնդիրները՝ աշխատանքային պրոցեսը շատ հետաքրքիր էր։ Հիմա, կարծես, անկումային շրջան ենք թեւակոխել։ Երաժշտական ոլորտում նորարությունները բերեցին իրենց բացասական կողմերը։ Հիմա ամեն արտադրանք հասանելի է համացանցում, ամեն բան դարձել է չափազանց մատչելի։ Էստրադային երգեր քիչ են ստեղծվում, համարյա ամեն նոր ստեղծվող երգ ռեստորանային մակարդակի է։ Այնինչ էստրադային երգիչները պետք է լինեն բեմում, ռեստորանայինները՝ ռեստորանում»,-եզրափակեց Մայքլը։

 

Անի Անտոնյան

(Visited 125 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: