«Ես հպшրտ եմ ինձ զգпւմ, որ Անդրшնիկի կինն եմ, բայց հիմш հպшրտությանս նաև ցш վ է ավելшցել». Աննա Գրիգորյան

Արցախյան պատերազմում զոհված փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի կինը՝ Աննա Գրիգորյանը, այսպես է նկարագրում հերոս ամուսնուն.

«Անդրանիկը մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր. շատ ընկերասեր էր, մարդամոտ: Ես նրան բառերով չեմ կարողանում նկարագրել. ինքը յուրահատուկ անձնավորություն էր, մեծատառով մարդ:

Իր աշխատանքում Անդրանիկը խիստ հրամանատար էր, բայց ամեն ինչ փոխվում էր, երբ տանն էր. նա ընտանիքում հոգատար հայր էր և յուրահատուկ ամուսին: Տանը չէր խոսում ծառայությունից. ասում էր՝ եկել եմ տուն, որ հանգստանամ»:Փոխգնդապետ Անդրանիկ Արմենի Մանուկյանը ծնվել է 1982թ. Թալինում։ Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Սպայական ծառայությունը անցել է Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում։ 2010թ. ծառայությունը շարունակել է Հայաստանի զորամասում: Գերազանց ծառայության համար զինվորական ղեկավարության կողմից արժանացել է բազմաթիվ շքանշանների և պետական պարգևների: Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանը 2019թ. ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Ծառայությունը շարունակել է խաղաղապահ զորքերում: Յոթ ամիս ծառայության է եել Աֆղանստանում:Արցախյան պատերազմի ժամանակ փոխգնդապետ Մանուկյանն իր ջոկատով մասնակցել է թեժ մարտերին, զոհվել է հոկտեմբերի 21-ին Հադրութի շրջանի Դրախտիկ-Սղնախ հատվածում։ Ամուսնացած էր, ունի 2 որդի:«Անդրանիկը շատ էր սիրում իր աշխատանքը և հպարտությամբ ծառայում էր Հայրենիքին: Նա Հայրենիքը ամեն ինչից շատ էր սիրում… Վերջին անգամ հետը խոսել եմ հոկտեմբերի 21-ին՝ մահվան դեպքից երևի թե մեկ ժամ առաջ:Առավոտյան Անդրանիկը զանգահարեց, շատ լարված էր, տխուր, ասաց, որ շատ խառն է, բայց ընդհանուր առմամբ ոչ մի բան չէր ասում: Ասում էր՝ Աննա, հենց եկա, կպատմեմ:Հոկտեմբերի 21-ին է զոհվել, մեզ ասում էին, որ վիրավորվել է, հետո ասում էին՝ ոչ ոք իրեն չի տեսել: Մենք մի ամիս ամուսնուս հույսով սպասել ենք, որ հետ է գալու: Մտածում էինք, որ անհնար է, որ զոհված լինի, որովհետև Անդրանիկը տեղանքին ծանոթ էր և հաստատ փրկված կլինի: Ես վստահ էի, որ ինքը հետ է գալու, միշտ վստահ եմ եղել իր ուժերի վրա… չգիտեմ ինչ եղավ, ինչի այսպես եղավ:Ես հպարտ եմ ինձ զգում, որ Անդրանիկի կինն եմ, բայց հիմա հպարտությանս նաև ցավ է ավելացել»,- պատմում է Աննան:Արցախյան պատերազմում զոհված հերոսի այրին ասում է, որ այս ծանր վշտի և հուսալքության պահերին իր ապրելու և պայքարի շեշտադրումն իր 2 զավակներն են և ամուսնու հետ ունեցած համատեղ նպատակները, որոնք պետք է կյանքի կոչվեն:
«Մենք 15 տարի միասին էինք ապրում, շատ նպատակներ ունեինք… սեպտեմբերին տուն էինք գնել, բայց դեռ չէինք տեղափոխվել, ամուսինս չհասցրեց վայելել: Ես պիտի մեր բոլոր նպատակները իրականություն դարձնեմ: Մեծ տղաս ուզում է ատամնաբույժ դառնալ, և ինչ էլ լինի, կանեմ ամեն ինչ, որ որդիս դառնա ատամնաբույժ, որովհետև դա ամուսնուս երազանքն էլ էր: Նա դեմ էր, որ որդիներից որևէ մեկը զինվորականի մասնագիտությունն ընտրի:Մինչ պատերազմը ես երջանիկ էի, իսկ պատերազմից հետո սկսվել են իմ կյանքի տխուր էջերը»,- եզրափակում է պատերազմում զոհված սպայի կինը:

(Visited 105 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: