ՀԱՆԿԱՐԾ ՉՊԱՅԹԱԾ ՄԻ ԱԿԱՆ ՊԱՅԹԵՑ. ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ի ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1995 թվականի ապրիլի 7-ն էր։ Ստեփանակերտցի մի երեխա, որի յոթ տարին նոր պիտի լրանար, խաղում էր իրենց բակում։ Պատերազմը մի տարի առաջ էր ավարտվել։ Հանկարծ չպայթած մի ական պայթեց, և տղան ստացավ դեմքի ծանր վիրավորում։ Շուտով պարզվեց, որ նա անդառնալիորեն կորցրել է տեսողությունը…
Երեխային տեղափոխեցին Երևան։ Նա սովորեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում, տիրապետեց բրայլյան գրին։ Ավարտեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Լոնդոնի համալսարանական քոլեջը և ԱՄՆ Թաֆթսի համալսարանը։
Դեռ պատանի՝ այս պատմության հերոսը որոշել էր, որ կարող է և պետք է հաղթահարի ճակատագրի կողմից իրեն նետված մարտահրավերը։ Մասնագիտական կրթություն ստանալուց հետո նա արյան կանչով վերադարձավ Ստեփանակերտ։
Դասավանդեց Արցախի պետական համալսարանում, պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն, աշխատեց պետական հաստատություններում։ Ամուսնացավ և ունեցավ չքնաղ դստրիկ։
Կյանքի բարձունքները հաղթահարած հերոսը 2013 թվականին բարձրացավ Արարատ լեռան գագաթը, որտեղ երկինք պարզեց Հայաստանի և Արցախի պետական դրոշները, ապա երգեց «Դլե յաման» երգը։ Նա աշխարհի միակ հայը, հավանաբար նաև միակ մարդն է, որ չի տեսնում, բայց ելել է Արարատի գագաթը։ «Արարատի գագաթին հասկացա, որ ինքս ինձ նետած մարտահրավերը հաղթահարված է»,- խոստովանել է այս վիպական հերոսը։
…Նրա անուն-ազգանունն է Արտակ Բեգլարյան։ 2018 թ. Արտակը ընտրվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան և այսօր էլ ռմբակոծությունների տակ կատարում է իր պարտականությունները, անում հետազոտություններ և հղում աշխարհին, հարցազրույցներ տալիս հայ և արտասահմանյան լրագրողներին»։

(Visited 6 507 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: