«Փամփուշտներով աղջիկների անուններ էի գրում. դա փոքրիկ շնորհակալություն էր մեզ ոգեւորող աղջիկներին»

«Ես յոթ ամիս Հայաստանում չէի, սեպտեմբերի 25-ին վերադարձա հայրենիք: Իմ վերադարձից 2 օր հետո սկսվեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, և պատերազմի չորրորդ օրն ինձ զինկոմիսարիատից զանգեցին, և ես գնացի մեր սահմանները պաշտպանելու: Այս պահին դիրքերից իջել եմ, բայց 8 օրից նորից կբարձրանամ դիրքեր»,Էդուարդը մասնագիտությամբ լուսանկարիչ է, պատմում է, որ պատերազմի օրերին հասցրել են լուսանկարվելու համար էլ ժամանակ գտնել. ասում է՝ հետո կնայեն, կհիշեն:«Մեր ջոկատում տարբեր տարիքի մարդիկ են, բայց դա կապ չուներ. մենք բոլորս ընկերներ էինք, մի տան անդամի նման էինք իրար հետ շփվում: Անգամ ամենածանր իրավիճակում չէինք կորցնում հումորը, իրար «դուխ» էինք տալիս: Կյանքը դիրքերում ուրիշ է, դիրքերում այլ է մթնոլորտը:Պատերազմի ժամանակ, երբ դու կռվում ես, պետք է ոչնչի մասին չմտածես՝ մոռանաս քաղաքացիական կյանքդ, որովհետև անգամ փոքր խնդիրն այդ պահին կարող է քեզ վնասել: Կռվելու ժամանակ պիտի ուղեղդ անջատես և միայն մտածես՝ ինչպես անես, որ ողջ մնաս»,- նշում է կամավորականը:Էդուարդի խոսքերով՝ աղջիկներն իրենց «Սնիկերսներ» են ուղարկել, դրանց հետ ոգևորող նամակներ, եւ սահմանին կռվող տղերքն իսկապես շատ են ոգեւորվել:Երիտասարդ կամավորականը որպես շնորհակալություն փամփուշտներով աղջիկների անուններ է գրել, ասում է՝ գրեցի, հետո նկարեցի, ու այդ նկարները տարածվեցին համացանցում. դա էլ փոքրիկ շնորհակալություն էր աղջիկներին:Ըստ նրա՝ առաջնագծում կռվող զինվորի համար ամենամեծ դժվարությունը վախն է.«Մենք պատերազմի մեջ էինք, մեզ վրա կրակում էին, ու շատերի համար դա առաջին անգամն էր. կրակոցներ, մի խոսքով՝ վտանգավոր իրավիճակ էր, և չկար այնպիսի մեկը, որ վախ չունենար:Եթե մեր տղերքից ինչ-որ մեկը վախենում էր կամ արդեն վախեցած էր, մենք իրեն դուխ էինք տալիս, հումորի էինք վերածում, որպեսզի վախը միջից դուրս գա: Դժվարը սկզբում էր, բայց հետո վախը մեր միջից կորավ, ու ամեն ինչ, անգամ բարձր կրակոցի ձայները մեզ համար դարձան սովորական և նորմալ:Իմ պարտադիր զինվորական ծառայության երկու տարիները ոչինչ էին այս պատերազմի 45 օրերի համեմատ: 45 օրվա ընթացքում էնքան բան ես տեսել… մարտական ընկերոջ կորուստ, ու զգում ես, որ ամեն ինչ սովորական է դառնում, այդ ամեն ինչը տեսնելով՝ դու ավելի ուժեղ ես դառնում և անգամ մի վայրկյան չես մտածում հետ քաշվելու կամ հետ քայլի մասին:Մենք ունեինք հրամանատար, որը ցանկացած դժվարության պահին մեր կողքին էր կանգնած: Պատերազմի ծանր և դժվար պահերին մեզ ուժ է տվել, 45 օր ինքը մեր հետ է եղել, որովհետև այդ օրերին եթե էդ դուխը չլիներ, շատերը կփախչեին»,- շարունակում է Էդուարդ Առուստամյանը:Այս պատերազմը նրա կյանքում շատ բան է փոխել. նախ պատասխանատվությունն է մեծացել, և հիմա այլ կերպ է նայում ամեն ինչին:Ըստ Էդուարդի՝ նման ելքով պատերազմի ավարտը սպասելի էր, որովհետև փոքր երկիրը պայքարում էր միանգամից մի քանի ուժերի դեմ.«Մենք պատրաստ չէինք այս պատերազմին, քիչ ռեսուրս ունեինք, բայց դիմանում էինք: Մենք կարծես խաղալիքով մեծ տանկի դեմ կռվեինք, ոչինչ մեզ չէր կոտրում: Գիտեինք, որ վաղ թե ուշ պատերազմ լինելու է, բայց այնքան հանկարծակի եղավ ամեն ինչ:Հալալ է մեր տղերքին, հալալ է մեր բանակին… մեր 18-20 տարեկան տղան կռվում էր վարձկանի դեմ, ջախջախում հակառակորդին:Իհարկե կապիտուլյացիայի որոշումը բոլորիս համար էլ ցավալի էր, բայց եթե այդ որոշումը չլիներ, ամեն ինչ ավելի վատ ավարտ կարող էր ունենալ, մենք շատ զոհեր կունենայինք: Մեծամասնությունը միայն խոսում է, բայց չի կարող պատկերացնել՝ ինչ իրավիճակ էր:Մեզ մարդ էր պետք, մեզ անձնակազմ էր պետք, ու երբ մենք իմանում էինք, որ մի քանի րոպեում հրապարակում այդքան մարդ է հավաքվում, մենք տխրում էինք, որ էդքան մարդ հավաքվել է հրապարակում, իսկ մենք մի քանի հոգով ենք դիրքը պահում, և եթե էդքան մարդ լիներ դիրքերում, չէինք հանձնի թե՛ Շուշին, թե՛ մնացած տարածքները»,- եզրափակեց Էդուարդ Առուստամյանը:

(Visited 151 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: