Ուրախ եմ, որ Մխիթարյանի հետ եմ խաղալու. Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ

Սպորտ

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կոլումբիահայ նորեկ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատն ուրախ է Հենրիխ Մխիթարյանի հետ նույն թիմում խաղալու հնարավորության համար: Պաշտպանը պատրաստվում է ընտրանու կազմում իր նորամուտին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ հետեւում է «Արսենալի» կիսապաշտպանի ելույթներին:

«Նրան հետեւել եմ: Մեծ խաղացող է: Ուրախ եմ, որ նրա հետ նույն թիմում եմ խաղալու: Կփորձեմ շատ բան սովորել Մխիթարյանից ու լավ ընկերներ լինել նրա հետ»,- ասաց նա:

Պաշտպանը հավաքականի մարզաշապիկը կարող էր հագնել դեռ այս տարվա մարտին կայացած Էստոնիայի եւ Լիտվայի դեմ ընկերական խաղերում: Հրավեր էր ստացել Հայաստանի ֆուտոբլի ֆեդերացիայից, սակայն նրա թիմը՝ «Բոյակա-Չիկոն», կարեւոր հանդիպումներից առաջ չէր ցանկացել բաց թողնել նրան: Այս անգամ նման խնդիր չի առաջացել, եւ պատրաստվում է լավագույն անել թիմի համար:

«Շատ ուրախ եմ, որ հրավիրվել եմ Հայաստանի հավաքական: Հուսով եմ՝ կկարողանամ 100%-ով իմ լավագույնն անել ու մեծ հաջողությունների հասնել հավաքականի հետ»,- ասաց նա:

Ֆուտբոլիստը մեծ հույսեր է կապում ազգային ընտրանու հետ: Տեղեկացված է հավաքականի մասին: Կարծում է, որ թիմը լուրջ արդյունքների հասնելու ներուժ ունի: Խոստանում է, որ ամեն ինչ կանեն երկրպագուներին ուրախացնելու համար:

«Հավաքականի մասին գիտեմ, որ չենք կարողացել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ձեռք բերել, բայց նաեւ գիտեմ, որ դրա ու շատ ավելիի պոտենցիալ ենք ունեցել: Գիտեմ նաեւ, որ պետք է որակավորվենք Եվրոպայի 2020 թ. առաջնությանը: Մեր լավագույնը կանենք»,- ասաց նա:

Ժոաոն հայկական արմատներ ունի մայրական կողմից: Տատիկն է հայ: Ծնվել է 1996 թ. հունվարի 3-ին Կուլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում: Տեղեկացված է իր նախնիների հայրենիքի մասին:

«Հայաստանի մասին գիտեմ, որ փոքր երկիր է, սակայն այնտեղ ապրող յուրաքանչյուր բնակիչ կարեւոր է ազգի համար»,- ասաց նա:

«Զվարթնոցում» նրան դիմավորել են FAF-ի անդամները

Ֆուտբոլիստն արդեն Երեւանում է: Ժամանել է այս գիշեր: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են «Առաջին հայկական ճակատ» (FAF) ֆան ակումբի ներկայացուցիչները:

ՀՀ հավաքականի ընկերական հանդիպումները կայանալու են մայիսի վերջին եւ հունիսի սկզբին: Մայիսի 29-ին Հայաստանը հանդիպելու է Մալթայի ընտրանու հետ, հունիսի 4-ին՝ Մոլդովայի: 2 խաղերն էլ տեղի են ունենալու Ավստրիայում: Այս հանդիպումներով ընտրանին նախապատրաստվում է Ազգերի լիգային: ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարը մեկնարկելու է աշնանը:

(Visited 43 times, 1 visits today)