«Ասել են՝ կույրաղիքն ա, հետո ամորձին հեռացրել. Մեղրու հիվանդանոցը «եվրանորոգած սպանդանոց ա»

«Առավոտի» մայիսի 17-ի՝ «Մահացածի հարազատները վրդովվել են ԱՆ պատասխանից. «Սրտի խնդիր ուներ, իսկ բժիշկներն ասում էին՝ ստամոքսը մրսացրել է» հոդվածից հետո մեր խմբագրությանը կրկին դիմեցին մի շարք մեղրեցիներ, որոնք եւս դժգոհեցին Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի բուժանձնակազմից: Հիշեցնենք, որ մենք հրապարակել էինք այս հիվանդանոցում մահացած 40-ամյա Սուրեն Սարգսյանի հարազատների դժգոհությունը, ըստ որի՝ 40-ամյա տղամարդու մահվան պատճառը բժիշկների ոչ պատշաճ ծառայությունն էր եւ սխալ ախտորոշումը: Մեզ ահազանգած մեղրեցիները բոլորը մեկ մարդու պես պնդում են՝ «Մեղրիի հիվանդանոցում բժիշկներ չեն, մսավաճառներ են, այս հիվանդանոցը «սպանդանոց է»: Մեղրեցիների՝ բժիշկների աշխատանքի մասին պատմություններից այնպիսի տպավորություն է, որ ով ինչ գանգատով դիմում է բժշկին, առանց հիմնավոր ախտորոշման մի հատ մարդուն դնում են վիրահատական սեղանին, «բացում ներսը» տեսնեն՝ ինչ կա-չկա, մի հատ էլ պարտադիր կույրաղիքն են հեռացնում, հետո երբ տեսնում են՝ օգուտ չկա, անցնում են այլ օրգաններին: Մեղրեցիները ՀՀ վարչապետից եւ առողջապահության նախարարից պահանջում են այս հիվանդանոցի բժշկական կադրերի պակասի խնդիրը լուծել. նրանք վստահեցնում են, որ այս հիվանդանոցում նեղ մասնագետների կարիք կա: Մեզ հետ զրուցած մեղրեցիները, որոնք իրենց համարում են նշված հիվանդանոցի բժիշկների սխալ աշխատանքի զոհեր, խնդրեցին անուն-ազգանունները չգրենք: Երիտասարդ մեղրեցու ներկայացմամբ՝ մոտ 1,5 տարի առաջ որովայնի հատվածում 4-5 ժամ սուր ցավեր է զգացել. մինչ այդ օրը որեւէ գանգատ չէր ունեցել, գնացել էր Մեղրու հիվանդանոց, որտեղ նրան վստահեցրել էին, որ կույրաղիքի հետ կապված խնդիր ունի, շտապ պետք է այն հեռացնել. «Կույրաղիքս հեռացրին, հաջորդ օրը էլի սուր ցավեր ունեցա, այդ անգամ էլ ասեցին՝ ամորձիների հետ կապված խնդիրներ կան, պետք է վիրահատել: Մենք թույլ չտվեցինք, որ Մեղրիի հիվանդանոցի՝ կույրաղիքս հեռացնող բժիշկը վիրահատի, Կապանից բժիշկ հրավիրեցինք: Ընդ որում, ոչ մի բացատրություն չտվեցին, թե ինչո՞ւ ես ստիպված եղա կրկնակի վիրահատություն տանել: Մեղրիի հիվանդանոցի բուժանձնակազմը պետք է փոխել, մեր բնակչությանը նորմալ բուժծառայություն մատուցելու համար նորմալ գիտելիքներով մասնագետներ են պետք, որ նախ՝ ճիշտ հասկանան, թե ինչն է հիվանդության կամ ցավերի պատճառը»: Այս երիտասարդը վստահեցրեց, որ իրեն սխալ ախտորոշում տված բժիշկը հիմա էլ շարունակում է աշխատել այդ հիվանդանոցում: Մեկ այլ մեղրեցի էլ վրդովված պատմեց. «Մորս կորցրի էդ հիվանդանոցում ու էդ բժիշկների պատճառով: Մոտ 4 տարի առաջ մայրս ուժեղ «պրիստուպներ» ունեցավ, տարանք Մեղրիի հիվանդանոց, կասկածեցին, թե ստամոքսն է, 2 բժիշկներ էին, որոշեցին ստամոքսի լվացում անել, «սիստեմա» միացրին՝ առանց որեւէ օրգան ստուգելու: Էս «սիստեմայից» մայրս ավելի վատացավ: Խնդրեցինք ցավազրկեն, որպեսզի կարողանանք տանել Կապանի հիվանդանոց: Ասացին՝ մի խառնվեք, ստամոքսն ա: 6 ժամ էլ վիրահատեցին մամայիս, 3 օր «կրիզիսային» վիճակում էր, 11 օր հետո դուրս գրեցին: Էդպես էլ չհասկացանք, թե ինչն էր խնդիրը: Ասացին՝ աղիի ոլորում էր: Վիրահատության ժամանակ հեռացրել էին կույրաղիքն ու արգանդափողը: Հետո մեզ բժիշկներն ասացին՝ կույրաղիքը նորմալ էր, ուղղակի որ բացել էինք՝ պիտի հանեինք: Հետո ասացին՝ ստամոքսի լուրջ խնդիր ունի, տարեք Կապան, թող զոնդ կուլ տա: Տարանք Կապան, պարզվեց՝ ընդամենը լեղապարկում քարեր ուներ, լուրջ բան չկար: Մանրամասն ստուգեցին՝ սիրտը, ստամոքսը նորմալ էր, ասացին՝ աղիի պրոբլեմ էլ չի եղել: Մոտ 6 ամիս առաջ էլ մայրս կրծքի տակ ինչ-որ բան զգաց: Մայրս պնդեց՝ տանենք Մեղրիի հիվանդանոց իր հավանած բժշկի մոտ: Էդ բժիշկն ասաց՝ «գրիժա», վիրահատությունից հետո նման բաներ լինում են, կբացեմ «սետկա» կդնեմ: Երբ ասացինք, որ Կապանի բժիշկներն ասել են՝ լեղապարկն է, այս բժիշկն ասաց, որ բացեմ՝ լեղապարկի խնդիրն էլ կվերացնեմ: Այդ վիրահատությունից հետո մայրս ընդամենը 10 օր ապրեց, պարզվեց՝ «գրիժա» չէր, ուրիշ բան էր, ասացին՝ թոքաբորբ էր: Մենք հիմա շատ ծանր հոգեբանական վիճակում ենք, նյարդային ապրումներից ձեռքս չի աշխատում, նյարդաբանն ասել է՝ մեզ հանգիստ է պետք, ու մենք՝ ես ու քույրս, ծանր սթրեսային վիճակից հետո խնդիրներ ենք ձեռք բերել: Հիմա էլ մենք բուժօգնության կարիք ունենք: Մեղրիի բժիշկներին միայն փողն է հետաքրքրում, առաջին հերթին ասում են՝ 40 հազարը մուծեք, ինչ կլինի հետո՝ իրենց չի հետաքրքրում: Սա ես միայն իմ անձնական խնդիրն եմ պատմում: Բայց շատերից եմ լսել՝ Մեղրիի հիվանդանոցի բժիշկներից բողոքում են, բոլորն էլ ասում են՝ սրանց բոլորին ծայրից ծայր փոխել է պետք»: Մեղրիի հիվանդանոցի բժիշկներից տուժածներից մեկն էլ պնդեց՝ կինը մահացել է անբարեխիղճ բժշկի պատճառով: Մեղրեցու պատմելով՝ «2015 թվականի հունիսի 15-ին կինս վատ էր զգում, տարանք Մեղրիի հիվանդանոց, վիրաբույժը շոշափեց ու ասեց՝ «գրիժա» ունի, անհապաղ «ապերացիա» պիտի անենք: Ոչ մի անալիզ, ոչ մի բան: Ժամը 11-ին տարան վիրահատելու, ժամը 4.30-ին բերեցին, մեկ էլ բերանից արյուն էր գնում: Մի քանի ժամ էդ բժշկին էինք ման գալիս, հազիվ գտանք, մեկ էլ սա ասավ, թե՝ «կրիզիսային» վիճակ ա, 36 ժամ պետք տենց լինի, հետո պարզ կլինի՝ եթե լավանա, կապրի: Հետո կինս վատացավ: Դեղ երակային սրսկեցին, կես ժամ հետո կինս մահացավ: Հետո Երեւանի բժիշկներն էս դեպքի հետ կապված ասել էին, որ երակային չպիտի սրսկեին: Վերջը դիմեցինք դատախազություն: Քննիչ-բան եկավ: Վերջը էդ բժիշկ կոչեցյալի վրա հոդված դրին՝ 2-6 տարի կալանավորում: Հետո չիմացանք՝ ոնց եղավ, ինչ եղավ, դա ինչ արեց, ինքը ճիշտ դուրս եկավ, մենք՝ սխալ: Հիմա էդ բժիշկը էլի աշխատում ա, էլի հիվանդանոցում: Սա հիվանդանոց չի, սա անասնաբուժարան ա, անասնաբուժարանում գոնե անասուններին բուժում են, ստեղ մարդկանց սպանում են, ստեղ բժիշկ չկա»: Հիշեցնենք, որ այս հիվանդանոցը 1,5 տարի առաջ է բացվել, Համաշխարհային բանկի 1.62 միլիարդ դրամ վարկային ծրագրով կառուցված հիվանդանոց է, որը, մեղրեցիներն այսպես են բնորոշում՝ «եվրանորոգած սպանդանոց»: Պատրաստ ենք հրապարակել նաեւ հիվանդանոցի տնօրինության պարզաբանումը: Երեկ ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց կապ հաստատել հիվանդանոցի հեռախոսահամարներով:   ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/05/22/887104/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES