Գագիկ Ծառուկյան. «Ամեն տարի Հայաստանի մարզերում մարզադպրոց ենք բացելու»

Հանրապետության արդյունաբերական խոշոր քաղաքներից մեկում՝ Հրազդանում, տասնամյակներ շարունակ ոչ մի լողավազան չէր գործում: Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի պիոներպալատի լողավազանը անգործության էր մատնված ու անգործությունից հայտնվել էր փլուզման վտանգի առջեւ: Հրազդանցիները դիմել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին այդ լողավազանը հիմնանորոգելու եւ լողի մարզադպրոց ստեղծելու խնդրանքով: Երեկ կայացավ լողավազանի եւ մարզադպրոցի բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա էր նաեւ ՀԱՕԿ նախագահը: Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ասել ու հիմա էլ կրկնում եմ, որ շատ կարեւորում եմ մարզերում՝ տարբեր բնակավայրերում, գյուղերում  գործող եւ հարմարավետ մարզադպրոցներ ունենալը: Այդ աշխատանքները մենք վաղուցվանից ենք նախաձեռնել: Յոթ տարի առաջ Հրազդանի միկրոշրջանում հիմնանորոգել եւ քաղաքապետարանին եմ հանձնել Երիտասարդական մարզական մշակութային կենտրոնը, որտեղ պատանիները զբաղվում են իրենց նախասիրած մարզաձեւերով: Այստեղից գնալու եմ այնտեղ՝ տեսնելու, թե ինչ նոր խնդիրներ կան: Հրազդան քաղաքում լողավազանի կարիք կար: Կազմակերպեցինք այդ աշխատանքները, որպեսզի այստեղ էլ բնակիչները, երիտասարդները եւ երեխաները զբաղվեն սպորտով, որ երեխաները ոչ մի բանից զուրկ չմնան: Այն երեխաները, որոնք աչքի կընկնեն, կընդգրկվեն հավաքական թիմեր, իսկ մյուսները կշարունակեն զբաղվել սիրողական մակարդակով, փողոցից կկտրվեն, կունենան առողջ ապրելակերպ»: Aravot.am-ի հարցին, թե մյուս մարզերում էլ գործող լողավազանների խնդիր կա, ինքը շարունակելո՞ւ է այս ծրագիրը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.«Իհարկե: Եթե դու սպորտի ղեկավար ես, պարտավոր ես: Աշխատանք շատ կա, որը հերթականությամբ անում ենք: Իսկ մարզերում մենք ուժեղ ու լավ երեխաներ շատ ունենք, որոնց համար իրենց դրսեւորելու հնարավորություն պետք է ստեղծել: Երեխան, եթե սպորտով զբաղվեց մեկ ամիս, դրանից հետո նրան սպորտից կտրել հնարավոր չէ, որովհետեւ նա զգում է սպորտի գեղեցկությունն ու հզորությունը, տեսնում իր մարմնի սլացիկությունն ու գեղեցկությունը»: Մեր դիտարկմանը, թե մասսայականությունից է ծնվում վարպետությունը, ՀԱՕԿ նախագահը արձագանքեց. «Անշուշտ: Վերջին տարիներին Հայաստանը համաշխարհային սպորտում ոչ մի երկրից հետ չի մնում: Դա գալիս է մասսայականությունից, որը մենք կազմակերպում ենք թե խոշոր քաղաքներում, թե մարզերում ու գյուղերում: Մեդալները հենց այնպես չեն նվաճվում: Դա հետեւողական աշխատանքի արդյունք է, որից ես հաճույք եմ ստանում: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, հատկապես ծանրամարտում եւ ըմբշամարտում, որոնց մասնակցում են բոլոր գերտերությունները, խաղարկվող ոսկե մեդալներից երկուսը նվաճում են տարածքով փոքր մեր երկրի մարզիկները: Էլ չեմ խոսում արծաթե եւ բրոնզե մեդալների մասին: Այդպես էլ շարունակելու ենք: Ամեն տարի նոր մարզադպրոցներ ենք բացելու, որպեսզի միջազգային մրցահարթակներում անընդհատ Հայաստանի դրոշը բարձրանա, Հայաստանի օրհներգը հնչի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/01/967918/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES