Գյուղմթերքը կրկնակի թանկ է․ պատճառը գյուղնախարարության տգետ քաղաքականությունն է

Այս տարի գյուղմթերքի արտադրական ծավալների նվազման պատճառով շուկայում գները համեմատած անցած տարվա տվյալների հետ, կրկնակի բարձր են։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Արարատյան դաշտավայրում վերջին մի քանի տարում մորմազգիների ցեցը բերքին մեծ վնաս է հասցնում, հատկապես լոլիկին ու կարտոֆիլին։ Արդյունքում ունենք 250 դրամ կարտոֆիլ, 250 լոլիկ, որ պետք է լիներ 80-100 դրամ, 400 դրամ պղպեղ, բադրիջանն էլ անցած տարվանից 30 տոկոսով թանկ է։

Գյուղատնտեսության նախարարությունը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ գործարանները լոլիկ են մթերելու, այն դեպքում, երբ Հանրապետությունում լոլիկը հազիվ սեղանի սպառման համար է։ Գյուղնախարարությունը ոչ թե լոլիկի մթերմամբ է զբաղված, այլ նրանով, որ գյուղացիական սուբսիդավորման վարկերը տան այդ գործարաններին, դրանք էլ գնան տոմատի մածուկը բերեն, ցույց տան, որ Հայաստանի տոմատն է։ Սուբսիդավորումը իսկապես պետք է գյուղացուն տրամադրվի։ Մենք երբ որ բացահայտում էինք դրանք, նախարարությունը հիստերիկ զայրանում էր»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։

Միավորման նախագահի տեղեկացմամբ՝ այսօր վտանգ կա խաղողի մասսայական հիվանդությունների, բերքահավաքն արդեն սկսվել է, ուշացնողները կարող են վնասներ ունենալ։ «Այս տարի բանջարաբոստանային կուլտուրաները 2-3 անգամ թանկ են, օրինակ՝ սեխը, ձմերուկը։ Ձմերուկը եթե այսօր պետք է լիներ 80 դրամ, 150-200 դրամ է, անցյալ տարվանից 2,5 անգամ թանկ է։ Չնայած, նախարարությունը փորձում է համոզել, որ դա շոգի հետևանքն է, բա անցած տարվա շոգից ինչպես եղավ, որ այդքան բերք ունեինք։ Անցյալ տարի 100 տոկոս երաշտ էր, մինչև սեպտեմբերի 15-ը անձրև չի եկել։ Նույն շոգը կրկնվեց այս տարի։ Անցած տարի ձմերուկը 80 դրամ էր։ Արտադրությունը պակասել է, գները, բնականաբար, բարձր են։ Վերջին երկու տարվա քաղաքականությունը բերեց նրան, որ ոլորտը հայտնվեց բարձիթողի վիճակում։ Նախկին նախարարն էլ բանի պետք չէր, իր նանհայտ ծագման կրթությամբ, այսօրվա նախարարից էլ դժգոհ ենք։ Գիտելիք չունեն, ի՞նչ անեն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Բերբերյանի խոսքով՝ գյուղատնտեսության նախարարությունը բոլոր ժամանակներում ամեն ինչ արել է գյուղացուն վնասելու համար։ Մսամթերքի գնի բարձրացումն էլ, նրա խոսքով, գյուղնախարարության տգետ քաղաքականության արդյունքն է։

«Գյուղատնտեսության նախարարության խելքն իրենը չի գյուղացուն վնաս տալու համար։ Նրանք հասցրին նրան, որ անասնագլաքանակը 70 հազարով պակասեց։ Բնականաբար դա պետք է ազդեր և մսի արժեքի վրա, և մասի ներկման շատացման վրա։ Կաթի փոշու ներկրումը ևս շատացավ Հանրապետություն։ Ներկրողների կազմակերպված հանցագործ մաֆիայի շնորհքն է, որ մեր գյուղացուն ստիպում են կաթը 100 դրամով մթերել, սպառնալով փոխարենը կաթի փոշի կօգտագործեն։ Դա էլ խփեցին գյուղացուն։ Երկրորդ հանցագործությունը՝ երբ սպանդանոցները տեղադրում էին, հաշվի չէին առնում, որ սպանդանոցների քանակը պետք է համապատասխան լինի անասնագլխաքանակին։ Գեղարքունիքի մարզն ընդամնեը երկու սպանդանոց ունի, այնտեղ ի վիճակի էլ չեն այդքան մորթ կազմակերպել։ Ինչ են անելու, ստիպված թուղթ են վաճառելու, տեղեկանք են վաճառելու։ Էնքան տգետ են դառել, որ ֆերոմոնային թակարդները տեղեդրել են, որ դրանք ոչ թե պայքարում են ցեցի դեմ, այլ՝ մոնիթորինգ են իրականացնում, թե հեկտարի վրա քանի ցեց կա։ Ու ասում են՝ պայքարում ենք ցեցի դեմ։ Ախր չի կարելի»,- մտահոգություն հայտնեց Բերբերյանը։ Մասնագետը հավելեց՝ գյուղատնտեսության այսօրվա վատ վիճակի պատճառը կադրային անհաջող քաղաքականությունն է։

Նյութի աղբյուրը՝ https://www.1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES