Դավիթ Տոնոյանը Կարևոր Մեսիջ Հղեց․ Տվեց Ապրիլյան Պատերազմից Հետո Առաջացած Հարցերի Պատասխանը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ին տված հարցազրույցում ասել է, որ հայկական կողմը կարող է չդիմանալ հակառակորդին շեշտակի և լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը:

Առանձնակի մտահոգություն հայտնելով Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական զորքերի ակտիվացմամբ՝ նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե մենք հանդես ենք գալիս խաղաղություն խնդրողի դերում. «Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինեն նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը պաշտպանության նախարարի հարցազրույցը հաջողված համարեց՝ շեշտելով, որ վերջապես մենք ականատես ենք լինում հայկական կողմի մոտեցման հստակեցմանը. «2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները չպատասխանեցին մի շարք կարևոր հարցերի, ու հիմա Տոնոյանը տալիս է այդ հարցերի պատասխանները։ Հիշո՞ւմ եք, մենք միշտ ասում էինք՝ ինչո՞ւ մեր բանակը միայն կանգնեցրեց թշնամուն, բայց ոչ մի քայլ ու պատժիչ գործողություն չիրականացվեց։ Մենք հասկանում էինք, որ պատճառն այն է, որ Ռուսաստանն ուներ Սերժ Սարգսյանի վրա ազդելու լծակներ, բայց մեր հարցերը մնում էին անպատասխան։ Ադրբեջանը փաստորեն պատերազմ սանձազերծեց, բայց մնաց անպատիժ։ Ավելին՝ ինչ-որ բարձունքներ կարողացան գրավել, ինչի կապակցությամբ հասարակությունը մինչ այսօր անպատասխան հարցեր ունի»։

Հիմա, ըստ Գրիգորյանի, նոր իշխանություններն ասում են՝ եթե վաղը Ադրբեջանը նորից գնա սադրանքի, փորձի լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել, Հայաստանը կկանգնեցնի թշնամուն։ «Ու թող ոչ ոք չփորձի Հայաստանին համոզել կանգնել ու կոշտ պատասխան չտալ․ դա է նախարարի ասածը, ու ես այդ հայտարարությունը չափազանց դրական եմ գնահատում։ Դա կարևոր մեսիջ է թե՛ աշխարհին և թե՛ Ադրբեջանին։ Նախարարն Ադրբեջանին ասում է՝ այս անգամ դու չես կարող թաքնվել Ռուսաստանի կամ այլ հզոր պետության թիկունքում։ Եվ երկրորդ՝ Մինսկի խմբին ասում է՝ այո՛, մենք պատրաստ ենք խաղաղ կարգավորմանը, բանակցություններին, բայց եթե Ադրբեջանը սկսի պատերազմական գործողություն՝ խնդրում ենք, մեզ չկանգնեցնել, մենք պատժելու ենք Ադրբեջանին։ Ես, օրինակ, այդ դրվագը չափազանց կարևոր եմ համարում»,- ընդգծեց քաղաքագետը։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նախարարի հարցազրույցը դրական և կարևոր շեշտադրումներով համարեց։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեհրաբյանը նշեց, որ նկատելի է նոր հռետորաբանություն՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի գնահատման ու իրավիճակից բխող հնարավոր քայլերի առումով։ «Նաև ժամանակի ընտրության հարցում է սա շատ կարևոր։ Այն իմաստով, որ ներկայումս ռուսները փորձում են նոր իշխանություններին «ատամով փորձել»՝ տեսնել, թե որքանով է պինդ, որքանով է վճռական պաշտոնական Երևանը իր շահերը պաշտպանելու հարցում, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։ Այդ իմաստով նաև այս հարցազրույցի հայտարարությունները հասցեագրված են թե՛ Մոսկվային և թե՛ Բաքվին»,- ասաց նա։

Դավիթ Տոնոյանը նաև մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ժամանակակից սպառազինությունների ձեռք բերման հարցը՝ ասելով, որ ցանկացած սպառազինությանը հակազդելու միջոցներ կան, և հայկական կողմը ձեռքերը ծալած նստած չէ։ «Մեզ անհանգստացնում են այդ սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները: Հայաստանի դաշնակից և գործընկեր պետությունները սպառազինություններ են վաճառում երկրին, որը տարածքային նկրտումներ ունի ոչ միայն մեր պետության առանձին հատվածների, այլև մայրաքաղաքի հանդեպ: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է ձեռնպահ մնան Ադրբեջանին հարձակողական որոշ սպառազինությունների վաճառքից: Ի վերջո, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետք նախ խախտել կողմերի միջև գոյություն ունեցող ռազմական բալանսը, իսկ հետո փորձել վերականգնել այն»,- ասել է նախարար Տոնոյանը:

Ստեփան Գրիգորյանի խոսքերով՝ ամեն երկիր ունի իր շահը, և քայլերն իրականացնում է այդ շահերին համապատասխան, բայց չափազանց կարևոր է, որ մենք էլ մեր կարմիր գիծը գծենք։ «Որ վաղը Ռուսաստանը չնեղանա ու չասի՝ ինչո՞ւ եք քննադատում։ Մենք ասել ենք և՛ Ռուսաստանին, և՛ Բելառուսին՝ անթույլատրելի է զենք վաճառել մի երկրի, որը պատերազմում է ձեր դաշնակցի հետ։ Հիմա այդ մասին նորից ասելը շատ ճիշտ է։ Այո՛, այդ միտքը նաև ասել են նախկին իշխանությունները, բայց կարևոր է դա կրկնել ու ամրագրել»,-եզրափակեց քաղաքագետը։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ մեկնաբանելով այս հայտարարությունը նշում է՝ սա պաշտոնական Երևանի դիրքորոշման հստակեցում է. «Բայց ըստ իս՝ սա բավարար չէ, սրա բնորոշումը պետք է լինի «անընդունելի», ընդ որում այն աստիճան անընդունելի, որ դրանից հետո հայկական կողմը պետք է անի իր հետևությունները։ Բայց, այնուամենայնիվ, այս ինտոնացիայի խստացումը նույնպես դրական է»։

Մեր զրուցակիցը նշում է՝ հայկական կողմը հստակ քայլեր է անում՝ փոխելու հայ-ռուսական հարաբերությունների որակը։ «Ասեմ ավելին՝ հայկական կողմը դա չի կարող չանել, որովհետև դա պարզապես գոյաբանական խնդիր է Հայաստանի համար։ Եվ երկրորդը նաև բարոյական խնդիր է, որովհետև մեր գլուխը ռուսների համար նստարան չէ։ Ժամանակն է, որ ռուսները դա հասկանան, ապրեն դրա հետ ու «թեթև տանեն», սովորեն, որ Հայաստանը Ռուսաստան չէ ու չի լինի Ռուսաստան։ Այդ ընտելացման գործընթացում Դավիթ Տոնոյանը շատ կարևոր քայլ է արել»,- եզրափակեց նա։

Նյութի աղբյուրը՝ http://banber.tv

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES