ԵԿՄ-ի նոր սկանդալը շուտով կպայթի.

ԵԿՄ-ի նոր սկանդալը շուտով կպայթի. անդամների կեսը նախագահ է ուզում, մյուսները դեմ են

«Երկրապահ» կամավորականների միության եւ կառույցի արդեն նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի շուրջ սկանդալային աղմուկը փոքր-ինչ թուլանալուց հետո ԵԿՄ փորձում է վերադառնալ բնականոն աշխատանքի: Միությունը պատրաստվում է սեպտեմբերին արտահերթ համագումար հրավիրել, ձեւավորել նոր վարչություն եւ ընտրել նոր նախագահ: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց ԵԿՄ փոխնախագաներից Համլետ Հայրապետյանը:

«Այս տարվա սեպտեմբերի առաջին շաբաթում «Երկրապահ» կամավորականների միություն հասարակական կազմակերպությունը նոր նախագահ կընտրի: Նոր վարչությունը ձեւավորվելու է նույն հագումարի ժամանակ: Հին վարչությունը, որը դեռ գործում է, նիստ է հրավիրելու եւ որոշում է կայացնելու՝ առաջիկա համագումարի անցկացման մասին: Որոշումից հինգ օր հետո տեղի է ունենալու նոր համագումար»,- մասնավորապես, ասաց Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրվում է երեք տարբերակով՝ «Երկրապահ» կամավորականների միության անդամների 1/3-ի ստորագրությամբ, վարչության անդամների 2/3-ի ստորագրությամբ կամ վերահսկիչ հանձնաժողովի հրապատ պահանջի դեպքում:

«Հավանական տարբերակն այն է, որ առաջիկայում վարչության նիստ կլինի եւ վարչության անդամների 2/3-ի որոշմամբ կգնանք ԵԿՄ նախագահի արտահերթ ընտրությունների: Հիմա գործում է աշխատակազմ, որը նախապատրաստվում է առաջիկա համագումարին, քանի որ հագումարի համար շենք, մանդատներ եւ այլ բաներ են պետք: Այդ հաշվարկներն է կատարում եւ որոշում է՝ քանի անդամից քանիսին ընտրել համագումարի պատվիրակ»,- ասաց ԵԿՄ փոխնախագահը եւ եւս մեկ անգամ շեշտեց, որ նախագահն ընտրվելու է վարչության նիստում, իսկ այդ նիստը չի բացառվում, որ լինի համագումարից անմիջապես հետո:

ԵԿՄ փախնախագաներից Վազգեն Վարդանյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց, որ առայժմ ոչ մի խոսք չկա, թե երբ պետք է տեղի ունենա ԵԿՄ վարչության նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի կառույցի նոր նախագահը: Նա միաժամանակ նշեց, որ պարզ չէ, թե ԵԿՄ վարչության քանի անդամ է ընտրվելու: Նախկին վարչությունն ունեցել է 185 անդամ: Թիվը հնարավոր է՝ նվազի: Վարդանյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ չի գնում ԵԿՄ գրասենյակ:

«Հայկական ժամանակ»-ը ԵԿՄ-ականների հետ մասնավոր զրույցներից տեղեկացավ, որ վերջին շրջանում երկրապահներն ակտիվ վարչության նիստեր են անում: Թեժ քննարկման միակ թեման էլ ապագա նախագահի թեկնածության հարցն է: Պարզվում է, որ ԵԿՄ-ականներն արդեն «գցել-բռնել» ու որոշել են, թե ով է լինելու իրենց կառույցի ղեկավարը: Համլետ Հայրապետյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ վարչության նիստերի ժամանակ ներկաները նախագահի պաշտոնում տեսնում են ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին:

«Իմ կարծիքով՝ Արամ Սարգսյանը պետք է լինի, եւ ես կարծում եմ, որ Երկրապահ ընտանիքի համար ավելի լավ կլինի: Ինքնաբուխ հավաք է տեղի ունեցել, խնդիրը շրջանառվել է ԵԿՄ բաժանմունքներում, մարդիկ եկել են ընդհանուր հայտարարի: Այս ընթացքում վարչության երեք նիստ է եղել, մարդիկ իրենց կարծիքն են արտահայտել»,- մասնավորապես ասաց Համլետ Հայրապետյանը:

Ի դեպ, Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ հնարավոր է զբաղեցնի այդ պաշտոնը: Միաժամանակ նա հայտնել է, որ ԵԿՄ-ականների հետ հանդիպումներ է ունեցել: Արամ Սարգսյանից զատ ԵԿՄ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրման ցանկություն է հայտնել ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» նախկին պատգամավոր Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Սակայն այս տարբերակն այդքան էլ ընդունելի չէ ԵԿՄ-ականների համար: Համենայնդեպս, նման կարծիք է ձեւավորվում ԵԿՄ փոխնախագահ Վազգեն Վարդանյանի տեսակետից:

«Արամ Սարգսյանին են հակված տեսնել ԵԿՄ նախագահ: Կոռնիձորի Արոն երբվա՞ ԵՄԿ անդամն է, որտեղ է գրանցված: Ինքը նախ պետք է մանդատ ստանա, մանդատով գա համագումար, իսկ համագումարում պետք է ընտրվի որպես վարչության անդամ եւ վարչության անդամների մեջից նոր ընտրվի նախագահ: Երեւանի քաղաքապետը ոնց է ընտրվում, ավագանի՞ն չի ընտրում: Հիմա, որ ես ասեմ Երեւանի քաղաքապետ եմ ուզում լինեմ, կլինի՞: Արամ Սարգսյանը ԵԿՄ-ի առաջին անդամներից է, ինչ մասին է խոսքը: Նա անցած համագումարին վարչության անդամ է ընտրվել»,- ասաց Վազգեն Վարդանյանը:

ԵԿՄ-ում ինտրիգների եւ սկանդալների պակաս չկա: Շուտով հնարավոր է, որ եւս մեկ պայթյունի ականատես լինենք այս կառույցում: Բանն այն է, որ ԵԿՄ գործող վարչության առանցքային դեմքեր ցանկանում են ստեղծել ԵԿՄ խորհրդի անդամներից բաղկացած վարչություն, որի անդամները միասին կհամակարգեն ու կղեկավարեն վարչությունը: Ասել է, թե նրանք չեն ուզում ընտրել նոր նախագահ եւ իշխանությունը տալ մեկ անձի:

Ըստ նրանց՝ մեկ անձով չի կարող պայմանավորված լինել ամբողջ կառույցի աշխատանքը: Ըստ ԵԿՄ անդամների՝ խորհրդի անդամներից բաղկացած վարչության կողմից ղեկավարելու դեպքում կկիսվի ու միաժամանակ կավելանա պատասխանատվությունը, որը դրվելու է մի քանի հոգու վրա՝ ԵԿՄ կառավարման խորհրդի անդամների:

Նշենք, որ ԵԿՄ-ն 19 տարի ղեկավարում է Մանվել Գրիգորյանը: 1993 թվականին ստեղծված միությունը Գրիգորյանը ղեկավարում է 1999-ից. նա 4 անգամ վերընտրվել է:

Նյութի աղբյուրը՝  http://armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES