Ես էլ կասեմ, որ մարդիկ են արել, որոնք նպատակ են ունեցել իշխանություններին վարկաբեկել. Ռոբերտ Քոչարյան

Չեմ կարծում, որ ծափահարողները շատ են լինելու։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելուն եւ կալանավորվելու հեռանկարին։

Հարցին, թե ինչն է պատճառը, որ հենց իր անվան հետ է կապվում «Մարտի 1»-ը, Քոչարյանը պատասխանեց. «Ծափահարողները լինելու են նրանք, որոնք ղարաբաղյան շարժման հետ, պատերազմի հետ, հաղթանակների հետ կապ չեն ունեցել, խուսափել են բանակից։ Տարբեր կեղծ առիթներով բարդույթ ունեն այն մարդկանց նկատմամբ, որոնք այդ հաղթանակը կերտել են։ Չեմ կարծում, որ ողջամիտ զանգվածը Հայաստանում կարող է դրանից ուրախանալ։ Ինչու են կապում ինձ հետ. ես հիշում եմ, երբ սկսվեց երկխոսությունը իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ։ Հայտնի դիալոգը 2008-ին ընտրություններից մեկ ամիս անց։ Դրա շրջանակներում իրար հետ պայմանավորվում են, հանդիպում են։ Տեր-Պետրոսյանը հայ-թուրքական արձանագրությունները ողջունեց, պաշտպանեց, ասաց՝ Ղարաբաղի համար, Հայաստանի համար պետք են։ Եվ ստեղծվեց մի վիճակ, որ ես քննադատում էի եւ թիրախ էի դարձել եւ իշխանական, եւ ընդդիմադիր մամուլի համար․  Ես մամուլ չունեի, ոչ թերթ, ոչ հեռուստատեսություն։ Երկու հարցազրույց եմ տվել այդ ժամանակ՝ փորձելով հիմնավորել եւ պատմել։ Վերջինը եղել է 2010 թվականինն։ Հետո տեսա, որ չեն լռում, հա գրում են, գրում են։ Ես այն մարդը չեմ, որ 100 անգամ գրեն, ես էլ 100 անգամ պատասխանեմ։ Համարել եմ, որ 2 անգամ ասել եմ, ով հասկացել է՝ հասկացել է, ով չի հասկացել, չի էլ հասկանալու»։

Նա նկատեց, որ աշխատել հետեւյալ սկզբունքը, որ եթե սուտը 100 անգամ ասես, կսկսեն հավատալ։ «Մարտի 1-ի սցենարներն ամբողջությամբ, ինչն ասում են, կապ չունի իրականության հետ։ Դա կապ չունի կոնկրետ 10 զոհի մեղավորներին բացահայտելու հետ։ Ոչ Միքայել Հարությունյանը, ոչ մյուս զինվորականները, ոչ ես չենք եղել դրսում, ամբողջ գիշեր ես իմ գրասենյակում եմ նստած եղել։ Սա որեւէ կապ չունի «Մարտի 1»-ի բացահայտման հետ։ Իրենք քաղաքական որոշում են կայացրել, նշանակել են մեղավորին, սրանով լուծում են 2-3 հարց։ Նախ ինձ ուզում են չեզոքացնել հնարավոր քաղաքական գործընթացներին մասնակցելուց։ Երկրորդ՝ կասեն «Մարտի 1»-ը բացահայտվեց։ Բայց ի՞նչը բացահայտվեց։ Կոնկրետ ո՞ւմ մեղքով զոհվեցին այդ 10 մարդիկ, ով կրակեց»։

Դիտարկմանը, որ կասեն իշխանությունն է մեղավոր, Քոչարյանն արձագանքեց. «Ես էլ կասեմ, որ մարդիկ են արել, որոնք առաջին  հերթին նպատակ են ունեցել իշխանություններին վարկաբեկել։ Եթե բոլոր զենքերը ստուգում են եւ պարզվում է, որ որեւէ ոստիկանի, կամ որեւէ զինվորականի  մարտական զենքից չի կրակվել, բա ով է կրակել։ Դուք մտածում եք՝ ոստիկանը գնացել է մասնակցել է ինչ-որ այլ զենքով, ոչ թե իր տաբելային զենքո՞վ»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին այսօր «Մարտի 1»-ի գործով մեղադրանք են առաջադրել եւ միջնորդություն ներկայացրել նրան կալանավորելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES