«Երբ մարդիկ իմանում են իրական տարիքս, շոկի մեջ են հայտնվում». «Ոսկե դպրոցի» Էլյան՝ իրական կյանքում

«Ոսկե դպրոց» սիթքոմում Հայոց լեզվի և Գրականության ուսուցչուհի  Էլյա Անանյանի դերակատարուհին Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի 20-ամյա Լիանա Հակոբյանն է: Tert.am Life-ը երիտասարդ դերասանուհու հետ զրուցել է ինչպես իրմասնագիտական, այնպես էլ անձնական կյանքին առնչվող թեմաների մասին:

Լիանայի խոսքով` դերասանուհի դառանալու իր որոշումն ընտանիքի անդամների համար անսպասելի է եղել, թեև դեռ փոքր տարիքում բակային խաղերը փոխարինել էր ընտանիքի անդամների համար սեփական մտահղացմամբ բեմադրված երաժշտական ու պարային ներկայացումներով:

«Դերասանուհի դառնալու ցանկությունը մանկուց եկել է ինձ հետ։ Ես երբևէ չեմ մտածել այլ մասնագիտություն ընտրելու ուղղությամբ: Հետագայում, գուցե, համատեղության կարգով զբաղվեմ որևէ բիզնես նախագծով, քանի որ ինձ մոտ կազմակերպչական ջիղը լավ զարգացած է»,- ասաց դերասանաուհին ու հավելեց, ներկայումս բացի սիթքոմի նկարահանումներից զբաղված է նաև Թատերական ինստիտուտի կուրսային ներկայացումներում, օրվա մեծ մասը բուհում է անցկացնում:

Լիանան նշեց, որ «Ոսկե դպրոցն» իր համար առաջին մեծ հեռուստատեսային նախագիծն է եղել, մինչև այդ նկարահանվել է գովազդային հոլովակներում: ««Ոսկե դպրոցում» հայտնվել եմ քասթինգի մասնկացելուց հետո։ Դա ինձ համար շատ մեծ ուրախություն էր: Մինչև այդ մասնակցել եմ նույնիսկ մասսայական տեսարանների նկարահանումների, քանի որ հասկացել եմ՝ միանգամից մեծ կերպարների չեն հասնում: Եթե դու տաղանդավոր ես, մի օր, անպայման, կնկատեն քեզ: Բոլոր նրանց, ովքեր ընտրել են այս մասնագիտությունը խորհուրդ կտամ նույնկերպ մտածել,- ասաց նա և, անդրադառնալով սիթքոմում իր մարմնավորած կերպարին, նկատեց.։ –Ինձ համար շատ հետաքրքիր է մարմնավորել Էլյայի կերպարը։ Նա ինձ հետ ընդհանրապես կապ չունի: Ինքս ինձ համար կառուցել եմ այդ դերը, փորձել եմ հասկանալ նրան իր խնդիրներով։ Կարծում եմ` արդեն կարողանում եմ ճիշտ ներկայացնել»:

Լիանան նշեց, որ այդ հարցում իրեն օգնում է նաև իր հիմնական խաղընկերը՝ Վաչե Թովմասյանը, ում հետ աշխատելը, դերասանուհու խոսքով, հեշտ է ու հաճելի:

Նա անկեղծացավ, որ հեռուստատեսային նախագիծն իրեն ճանաչում է բերել, միայն թե, մարդկանց մեծ մասն անակնկալի է գալիս՝ իմանալով դերասանուհու իրական տարիքը։ «Մարդիկ չեն պատկերացնում, որ ես ընդամենը 20 տարեկան եմ: Ինձ շատ են ասում, որ իմ տարիքից մեծ եմ երևում, ովքեր իմանում են տարիքս,շոկի մեջ են հայտնվում,– ասաց նա ու ավելացրեց, որ առօրյա կյանքում այդքան էլ մեծ չի երևում: –Երևի, ավելի մեծ երևալուս նպաստում է սիթքոմում արված գրիմը, սանրվածքը և իմ տրամադրվածությունը, որովհետև երբ հայտնվում եմ նկարահանման հրապարակում, իմ ներքին զգացողությունը կտրուկ փոխվում է, ինձ միանգամից զգում եմ ուսուցչուհու դերում: Ընդհանուր առմամբ, իմ հայացքներով, մտածելակերպով ես ինձ չեմ համարում 20 տարեկան: Կարծում եմ՝ դա ընդամենը թիվ է, ես ավելի հասուն եմ: Իմ բոլոր մտերիմներն ու ծանոթներն են դա փաստում»:

Լիանան ասաց, որ սիթքոմի խաղընկերների հետ մտերիմ են և շփումներ ունենում են նաև նկարահանման հրապարակից դուրս. «Ես և Էրմիան Զախարովան համակուրսեցիներ ենք, մինչև սիթքոմում նկարահանվելն արդեն մտերմություն էինք անում։ Մտերիմ եմ նաև Աննա Գրիգորյանի և Արմեն Բալաբանյանի հետ, ով Արամիկի կերպարն է մարմնավորւմ»:

Դերասնաուհին պատմեց, որ նկարահանումների ընթացքում հումորն ու զավեշտալի դեպքերն անպակաս են: Նա մտաբերեց դրանցից մեկը.  «Սիթոմում հերթական տեսարանն էինք նկարահանում, որում ես չէի խաղում: Այդ ժամանակ մեր դիմահարդարի հետ որոշեցինք ինձ վրա փորձարկել արցունքաբեր վազելինը, որի շնորհիվ կարողանում ես բնական լաց լինել: Այդպես ես, արցունքոտ աչքերով, նեղսրտած բարձրացա նկարահանման հրապարակ՝ բոլորին հավատացնելու, թե իբր ինձ հետ լուրջ դեպք է պատահել: Մեր երկրորդ ռեժիսորն իսկապես լուրջ էր ընդունել:)»:

Երիտասարդ դերասանուհին հումորային նախագծից հետո գեղարվեստական որևէ ֆիլմում դրամատիկ կերպարով ներկայանալու մեծ ցանկություն ունի: Լիանան նշեց, որ մասնագիտությունն իր կյանքում առաջնային տեղ է զբաղեցնում, իսկ անձնական կյանքի մասին խոսելիս ասաց. «Սիրտս ազատ է, ընտրյալ չունեմ: Ես դեռ չեմ գտել մի մարդու, որի հետ նույն հետաքրքրությունները կունենամ: Իհարկե, շփումներ ունեցել եմ, բայց լուրջ հարաբերություններ՝ ոչ»:

 

Անահիտ Հակոբյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES