«Իմ Քայլը» հիմնադրամը փնտրում է գործադիր տնօրենի. ի՞նչ պայմաններ ու պահանջներ են պետք

ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ բոլորովին վերջերս հիմնած «Իմ Քայլը» հիմնադրամը հայտարարություն է տարածել այն մասին, որ փնտրում է գործադիր տնօրենի:

Հայտարարության մեջ ասվում է, որ գործադիր տնօրենն ուղղորդում և կառավարում Է Հիմնադրամի երկարաժամկետ ռազմավարական զարգացման պլանների մշակումն ու իրականացումը: Առանցքային պարտականություններից են ֆոնդահայթայթումը, մարքեթինգն ու հանրության հետ աշխատանքը: Գործադիր տնօրենն ապահովում է, որ կազմակերպության գործունեությունն արդարացնի շահառուների, Հոգաբարձուների խորհրդի և նվիրատուների ակնկալիքները: Նրա պարտականությունն է ապահովել, որ Հիմնադրամի կողմից առաջարկվող բոլոր ծրագրերն ու ծառայությունները նպաստեն Հիմնադրամի առաքելության իրականացմանն ու արտացոլեն Խորհրդի սահմանած առաջնահերթությունները: Գործադիր տնօրենը պատասխանատու է կազմակերպության արդյունավետ ղեկավարման և կառավարման համար:

Աշխատանքային պարտականություններն են՝

  • Աշխատել Խորհրդի և աշխատակազմի հետ և ուղղորդել ու առաջնորդել Հիմնադրամի ռազմավարության և տարեկան նպատակների ու խնդիրների սահմանման աշխատանքները:
  • Գտնել ֆինանսավորման աղբյուրներ, վերահսկել ֆոնդահայթայթման պլանների մշակման աշխատանքները և կազմել ֆոնդահայթայթման առաջարկներ:
  • Պատասխանատու լինել ռազմավարական և տարեկան պլանավորման գործընթացի համար՝ ապահովելու Հիմնադրամի առաքելության սահուն իրականացումը:
  • Պատասխանատու լինել Հիմնադրամի վարկանիշի առաջխաղացման համար՝ հանրության շրջանում ակտիվ ու տեսանելի լինելու և շահույթ չհետապնդող, քաղաքացիական հասարակության ու մասնավոր այլ կազմակերպությունների հետ սերտ աշխատանքի միջոցով:
  • Նախաձեռնողական կերպով ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամը միջազգային, կառավարական, ազգային և տարածաշրջանային միավորների հետ շփումներում՝ խթանելու համագործակցությունն ու Հիմնադրամի ծառայությունները:
  • Արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատել համայնքային խմբերի, նվիրատուների, այլ կազմակերպությունների հետ՝ հասնելու Հիմնադրամի նպատակների իրականացմանը:
  • Երկարաժամկետ հարաբերություններ հաստատել առանցքային և հնարավոր դոնորների հետ:
  • Ապահովել կազմակերպության գործունեությունը Հայաստանի օրենսդրությանը համապատասխան:
  • Արդյունավետորեն կառավարել կազմակերպության մարդկային ռեսուրսները և խթանել թիմային աշխատանքն ու համագործակցությունը:
  • Արտերկրում հիմնադրամի բոլոր գործողություններում հանդես գալ որպես Հիմնադրամի ներկայացուցիչ:

Անհրաժեշտ որակավորումը՝

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում:
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ շահույթ չհետապնդող կազմակերպության կառավարման ասպարեզում:
  • Նշանակալի փորձառություն (5-7 տարի) ռազմավարական պլանավորման և ֆինանսական վերահսկողության ասպարեզում:
  • Ֆոնդահայթայթման ռազմավարությունների և շահույթ չհետապնդող կազմակերպություններին հատուկ՝ դոնորների հետ փոխհարաբերությունների յուրահատկությունների իմացություն:
  • Բյուջեի կառավարման ծանրակշիռ, գործնական հմտություններ, ներառյալ՝ բյուջեի պատրաստում, վերլուծություն, որոշումների կայացում և հաշվետվությունների ներկայացում:
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ՝ պլանավորելու, պատվիրակելու և թիմի կառավարման կարողությամբ:
  • Միջանձնային հարաբերությունների հաստատման գերազանց հմտություններ, ներառյալ համբերատարություն, դիվանագիտություն, լսելու կամք և հարգանք գործընկերների նկատմամբ:
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման, հանրային խոսքի գերազանց հմտություններ:
  • Բանավոր և գրավոր հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն:

Աշխատավարձը՝ մրցակցային, լրիվ դրույքով:

Հետաքրքրված թեկնածուներին հիմնադրամից խնդրում են իրենց ինքնակենսագրականը (CV) և նպատակը հիմնավորող նամակն ուղարկել [email protected] էլփոստին՝ նամակի վերնագրի տողում նշելով «Գործադիր տնօրեն», դիմելու վերջնաժամկետն է մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից: Հայաստանում առողջ և ներառական հասարակություն ստեղծելու առաքելությունն իրականացնելու նպատակով Հիմնադրամը ծառայելու է որպես կամուրջ, որն իրար կկապակցի առկա ռեսուրսներն ու խնդիրները, որպես դոնոր, ինչպես նաև որպես սեփական նախագծերի իրագործող: Հիմնադրամը գործելու է «բլոքչեյն» տեխնոլոգիայի միջոցով՝ ապահովելու լիարժեք թափանցիկություն և հաշվետվողականություն:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES