Ինչպես է արձագանքել Մանվել Գրիգորյանը Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկվելուն

Գեներալ Մանվել Գրիգորյանն Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկվելու որոշմանն անտարբեր է արձագանքել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ Արսեն Մկրտչյանը:

«Տեղեկացրել ենք պարոն Գրիգորյանին այդ մասին, բավական անտարբեր տարավ, որովհետեւ էս պահի դրությամբ, երբ ունի լուրջ առողջական խնդիրներ եւ հերյուրանքատիպ մեղադրանք, դրան կանդրադառնանք մի փոքր ուշ, եթե դրա հնարավորությունը ունենանք, եթե հասնենք դրան»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանը կարծիք հայտնեց, որ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը հանրությանը ճանաչելի դառնալու խնդիր ունի. «Մանվել Գրիգորյանն այսպես թե այնպես Արցախի հերոս է, իսկ հանրությանն անծանոթ, երիտասարդ քաղաքապետի պաշտոնակատարը, որը նոր է դուրս եկել ասպարեզ եւ, ազգի համար վաստակ ունեցող մարդկանց պատվավոր կոչումներից զրկելուց բացի, ուրիշ բան չունեն էս քաղաքի համար արած, թող իրենք մտածեն, թե ոնց են գնալու ընտրությունների, ոնց են լուծելու քաղաքի հիմնախնդիրները, ինչով են զբաղվելու»:

Արսեն Մկրտչյանը ընդգծեց, որ սա իրենց համար առաջնային խնդիր չէ, իրենք այս պահին պայքարում են գեներալի կյանքը փրկելու համար, հետագայում կզբաղվեն այս հարցով:

Նշենք, որ հուլիսի 24-ին Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին միաձայն քվեարկությամբ Մանվել Գրիգորյանին զրկել է Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից:

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, թանկարժեք մեքենաներ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է:

ԱԺ-ն բավարարել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը, այնուհետեւ 77 կողմ, 3 դեմ ձայով զրկել նրան անձեռնմխելիությունից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES