Ինչ պայմաններում պետք է տեղի ունենան Ընտրական բարեփոխումները՝ ըստ Արմեն Աշոտյանի

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, դիմում-բողոքների հանձնաժողովի անդամ Գերո Շտորյոհանի հետ:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա հարաբերությունները – դրանց զարգացման հնարավորությունները, կարեւորել միջխորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ համագործակցության ակտիվացումը:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հարաբերությունները Եվրոպական միության եւ նրա անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի անկյունաքարերից մեկն է:

Համապարփակ եւ ընդլյանված գործընկերության համաձայանագրի շրջանակում փոխգործակցության արդյունավետ իրականացման առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը լիահույս է ստանալ եվրոպական կողմի վերջնական վավերացումը մինչեւ Եվրոպական խորհրդարանի  2019թ. ընտրությունները:

Գերմանիայի խորհրդարանում Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ կապված Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ գործընթացը կիրականացվի հնարավորինս արագ:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, գալիք խորհրդարանական ընտրություններն:  «Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես`  Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների արդյունավետ կիրառման շուրջ. կարեւորվել է եվրոպական փորձի ուսումնասիրությունը եւ ըստ համապատասխանության` փորձի կիրառումը:

Գերմանացի պատգամավորը հույս է հայտնել հանդիպել Արմեն  Աշոտյանին աշնանը Գերմանիայի Բունդեսթագում` որպես հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի` քննարկելու համագործակցության եւ փոխադարձ հետաքրքրության ոլորտների բազմաթիվ այլ հարցեր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES