Hayeli.am-ի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունն ու Ելք դաշինքի կազմում նրա հետ համագործակցող ուժերը լրջորեն նախապատրաստվում են ԱԺ արտահերթ ընտրություններին: Փաշինյանի թիմակիցներն այժմ մեծ թափով ձեռնամուխ են եղել տարածքային կառույցների ստեղծմանը: Նպատակ է դրված բոլոր տեղամասում բացել տարածքային գրասենյակներ, որոնք, մեր տեղեկություններով ունենալու են 4-5 աշխատող` 150-200 հազար միջին աշխատավարձով: Փաշինյանի հանձնարարությամբ գրասենյակներում պարտադիր պետք է ներգրավված լինեն նաև իրավաբաններ` քաղաքացիների խնդիրներն ու բողոքները լսելու և ուղղորդելու նպատակով: Հատկանշական է, որ տարածքային կառույցների և գրասենյակների ստեղծման ֆինանսավորման հարցը ստանձնել է ԱԺ գործարար պատգամավոր, Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխներից Սամվել Ալեքսանյանը, ով առավել հայտնի է Լֆիկ մականունով:
Հայտնի է, որ նախկինում Փաշինյանի և Ալեքսանյանի ջրերը մի առվով չէին հոսում: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նոր կառավարությունը թիրախավորեց օլիգարխներին և հատկապես Սամվել Ալեքսանյանին: ՊԵԿ-ի կողմից պաշտոնական հաղորդագրություն տարածվեց «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում համատարած խախտումների, թաքցված շրջանառության և պետական բյուջե չվճարված հարկերի մասին:
Հիմա փաստորեն Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը իրար հետ արդեն լեզու են գտել:
Սամվել Ալեքսանյանի կյանքում առանձնապես շատ բան չի փոխվել. առաջ նա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին էր աջակցում, հիմա էլ Փաշինյանին ու նրա թիմին: