Կատարվածը հեղափոխություն չեմ համարում, կառավարության հետ աշխատել չեմ կարող. Վ. Սարգսյան

ՊՆ շենքում Պաշտպանության դեռեւս գործող նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսն է՝ նոր գործարկվող կայքն ու ՊՆ կայքի բջջային հավելվածը ներկայացնելուց հետո:

Վիգեն Սարգսյանը նախ շնորհավորեց մայիսյան հաղթանակների ու տոների կապակցությամբ, նաեւ շնորհակալություն հայտնեց լրագրողներին արդյունավետ փոխգործակցության համար, ներողություն խնդրեց որեւէ պահի ստեղծված անհարմարությունների կամ թյուրըմբռնման համար:

Խոսելով երեկ իր իսկ կողմից հայտարարված հրաժարականի մասին, Պնախարարը պարզաբանեց. «Ես հայտարարել եմ ու կրկնում եմ, որ անթույլատրելի եմ համարում հրաժարական, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար: Ես իմ պարտականություններից հետ չեմ կանգնի, քանի դեռ նոր նախարար չկա նշանակված, դա մեր երկրի համար անթույլատրելի է»:

Շարունակելով պատասխանել հարցերին, Վիգեն Սարգսյանը նշեց. «Ես չեմ կարող աշխատել նոր կառավարությունում, սա թիմի, խորը վստահության ու քաղաքական արժեքների, քաղաքական հայացքների  խնդիր է, հասարակությանը կարելի է ծառայել տարբեր կերպ, պարտադիր չէ նախարարի պաշտոնում:

Ես կարծում եմ, որեւէ մարդ, որը գոնե մեկ օր, մեկ ամիս կամ այլ ժամկետ նվիրել է հայրենիքի պաշտպանության գործին, չի կարող չանել ամեն ինչ, որ անկախ հայացքներից, ով էլ լինի ՊՆ նոր նախարարը, պատրաստ չլինի օգնել ինչով կարող է: Մեր նախարարությունում, մեր կողմից իրականացվող ծրագրերը հույս ունեմ կշարունակվեն, քանի որ անձնական ամբիցիաների ու քաղաքական հայացքների խնդիր չէ, այլ երկրի պաշտպանության խնդիր:

Ես չեմ համարում, որ երկրի անվտանգության պաշտպանությունը միայն 1 կուսակցության որոշումների արդյունք պետք է լինի, ես բազմիցս փորձել եմ ծրագրերը ներկայացնելիս խորհրդակցել ԱԺ տարբեր ֆրակցիաների հետ, ոչ միշտ եմ աջակցություն ստացել բոլոր կուսակցություններից, ինչը եւս այդքան էլ ճիշտ չեմ համարում:

Իմ ծառայությունը լինելու է բազմազան ու բազմատեսակ, ինձ թվում է, ցանկացած մարդ, ով ունի որոշակի ոլորտում փորձ, կարող է այդ փորձը ինչ-որ կերպ փոխանակել:

Ես ինձ կնվիրեմ մի փոքր մանկավարժական աշխատանքին, իմ ընտանիքին, լիարժեք հանգստին, քանի որ վերջին 23 տարին լիարժեք չեմ հանգստացել, կնվիրվեմ իմ սիրելի զբաղմունքներին»:

Խոսելով Դավիթ Տոնոյանի՝ ՊՆախարարի պաշտոնում հնարավոր թեկնածության մասին, Վիգեն Սարգսյանը նշեց, որ վերջինս բավական երկար փորձ ունի, անցել է նախարարության ծառայության միջով, ունի գիտելիքներ ու իրեն շատ հաճելի կլիներ տեսնել նրան այդ պաշտոնում: Նշեց նաեւ, որ ինքը զարմացած է եղել  Դավիթ Տոնոյանի՝ այս հարցերի շուրջ տված մեկնաբանությունից, ինքը այդպես չէր վարվի, քանի որ նախարարը վարձու աշխատող չէ:

Կրկին պատասխանելով նոր կառավարության մասին հարցերին, Վիգեն Սարգսյանը նշեց. «Ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է: Սա իշխանափոխություն էր, երբ մի ֆրակցիայի ներկայացուցչին վարչապետի պաշտոնում փոխարինեց մեկ այլ ֆրակցիայի ներկայացուցիչ: Բայց սա ավելի շատ դիկտատուրայի է նմանվում, որովհետեւ փոքրամասնության ներկայացուցիչը ղեկավարելու է երկիրը ու ցանկացած հարցի դեպքում,  որն իրեն դուր չի գա ու չի ստանա մեծամասնության աջակցությունը, մարդկանց կհանի փողոց»

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետագա կառավարմանը, Վիգեն Սարգսյանն ասաց, որ կարծում է՝ Նիկոլ Փաշինյանն ազնիվ մղումներով ու անկեղծ համոզվածությամբ կփորձի իրականացնել իր ծրագրերը ու ինքն անկեղծ հաջողություն է մաղթում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES