Կեղծ օղու խնդիրը. Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է 10 միլիոն դրամով տուգանել «Ա եւ Գ» ընկերությանը` կեղծ օղի արտադրելու եւ իրացնելու համար։ Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Վարույթը հարուցվել է «NEMIROFF» («ՆԵՄԻՐՈՖՖ») օղի արտադրող ուկրաինական «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունից ստացված դիմում-բողոքի հիման վրա։ Դիմումատուն հայտնել է, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ:

Հանձնաժողովը պարզել է, որ սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում գործող «Ա եւ Գ» ընկերությունն արտադրում եւ իրացնում է «NEMIROFF» ապրանքային նշանով՝ «Український мед» անվանումով օղիներ:

Հանձնաժողովը հայտնում է նաեւ, որ «Ա եւ Գ» ընկերությունը նախկինում եւս այլ օղիների կեղծման փաստերով հայտնվել է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: 2016 թ.-ին երկու անուն օղիների վերաբերյալ անբարեխիղճ մրցակցության համար նույն ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով` 5 մլն դրամ` յուրաքանչյուր տեսակի դիմաց:

Նշենք, որ «Ա եւ Գ» ընկերությունը կապվում է «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։

Նյութի աղբյուրը՝  http://www.armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES