Հակառակորդի գնդակից վիրավորված զինվորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Մայիսի 13-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում  ստացած Շամխալ Սեյրանի Պետրոսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ զինվորը վիրավորումը ստացել է  կիրակի՝ մայիսի 13-ի գիշերը, որից հետո անմիջապես վիրահատվել է, տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, այնուհետեւ վիճակի կայունացումից հետո այսօր կեսօրին տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

«Ստացել է որովայնի հրազենային վիրավորում, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բժշկական հետազոտություններ է անցել, այժմ կրկնակի վիրահատության կարիք չունի»,–հայտնեց փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։

Հարցին, զինվորի կյանքին վտանգ սպառնում է  արդյոք, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը հայտնեց, որ չնայած ծանր վիճակին, հեմոդինամիկան կայուն է.  «Այն, որ այդ ծանր վիճակից հետո որոշակի կայունացում կա, չնայած արհեստական շնչառության պայմաններում է եւ սեդացիայի տակ է, բայց բոլոր ֆունկցիաները մեր կառավարման տակ են»։

Ստեփանակերտից Երեւան տեղափոխումը նա հիմնավորեց բուժման վերջնական փուլով. «Հիմա որակավորված բուժման փուլն է, ցանկացած պահի, ցանկացած բուժման կարիքը կարող է զգացվել, ուստի տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, եթե նոր վիրահատության կարիք լինի հետազոտությունից հետո, կվիարահատենք»։

Հարցին, թե զինվորը կանգնած է հաշմանդամության վտանգի առաջ, նա դժվարացավ պատասխանել. «Այս պահին վերականդանացման բաժնում է եւ հավաստիացնում եմ, որ նա անհրաժեշտ բուժումը կստանա»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES