«Հանկարծ սա շարունակվեց, այն աստիճանի կտրուկ ու իրենց համար անկանխատեսելի գործողություններ են լինելու, որ հետո կփշաքաղվեն». Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյանը երեկ իր մտահոգություններն էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իր ու Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ եւ անեծքներ, իրեն անվանում են նույնիսկ ազգադավ: Նա հիշեցրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված գործում ինքը Բուդաղյանների փաստաբանն էր ու նույնիսկ այդ ժամանակ այսպիսի սպառնալիքներ չի ստացել Սուրիկ Խաչատրյանի կողմից. «Կասկածից վեր է, որ Սուրիկ Խաչատրյանը ի վիճակի կլիներ ե՛ւ սպառնալ ինձ, ե՛ւ այդ սպառնալիքներն իրականություն դարձնել: Սակայն որեւէ անգամ չփորձեց: Ես դա վերագրում եմ այն ժամանակվա իշխանությունների դիրքորոշմանը: Պարզ է, որ եթե Ս. Խաչատրյանը գոնե ենթադրեր, որ այդ պահի իշխանությունները կհանդուրժեն իմ նկատմամբ սպառնալիքները կամ վիրավորանքը՝ նա դա կաներ: Այժմ ես համացանցում տեսնում եմ և թիմի մյուս փաստաբանների հասցեին վիրավորանքներ, սպառնալիքներ եւ անեծքներ: Ու ինձ համար պարզ է, որ դրանց հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն»:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանն այս առնչությամբ ասաց. «Ես երբեւիցե որեւէ մեկի, Սուրիկ Խաչատրյանի կողմից անգամ գործի հետ կապված վիրավորական արտահայտություններ, թեթեւակի, անգամ ամենաաննշան սպառնալիքներ չեմ լսել: Եվ ինձ համար կրկնակի տհաճ է, որ դա հիմա տեղի է ունենում»: Հայկ Ալումյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ ես իշխանություններին ասե՞լ եմ ինձ ապահովագրեք, որ Սուրիկ Խաչատրյանը կամ մեկ ուրիշը չվիրավորեն կամ չսպառնան, չէ՛, ապահովել են այնպիսի վիճակ, որ ոչ ոք չի համարձակվել: Ես գտնում եմ, որ ես չպիտի դիմեմ, այլ իշխանությունները պետք է ամեն բան ձեռնարկեն: Հանկարծ սա շարունակվեց, այն աստիճանի կտրուկ ու իրենց համար անկանխատեսելի գործողություններ են լինելու, որ հետո կփշաքաղվեն, ես զգուշացնում եմ»: Հայկ Ալումյանն ասաց, որ այս սպառնալիքների ու վիրավորանքների շարքը իրենց նկատմամբ սկսել է հենց Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված: Նա վստահեցրեց, որ հետեւողական է լինելու եւ կոնկրետ գործընթաց է սկսելու, որ վիրավորանքների ու սպառնալիքների համար պատասխանատվություն կրեն: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը կալանավորված է Մարտի 1-ի գործով եւ մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/06/974002/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES