ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ 43 ՄԻԼԻՈՆՈՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ Է ԳՆԵԼ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ տարի՝ 2017-ին, անհատական բնակելի տուն է ձեռք բերել՝ 43 մլն դրամով, եւ, բացի այդ, օտարել է իրեն պատկանող հողամասերից մեկը 102 հազար 445 դրամով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված նրա 2017 թ. գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրից: Գլխավոր դատախազի դրամական միջոցները հարկային տարեսկզբին եւ տարեվերջին կազմել են 8 մլն դրամ եւ, փաստորեն, նկատելիորեն նվազել են նախորդ տարիներին ունեցած դրամական միջոցների համեմատ:

Դավթյանը, որպես եկամուտ, 2017թ. հայտարարագրել է նաեւ երկու տարբեր տեղերից ստացված աշխատավարձը կամ դրան հավասարեցված վճարը, որոնցից մեկը կազմում է 13 մլն 773 հազար 883, մյուսը՝ 285 հազար 130 դրամ: Որպես «այլ եկամուտ»՝ գլխավոր դատախազը հայտարարագրել է 1 մլն 750 հազար դրամ: Ուշագրավ է, որ Դավթյանը, երբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ էր, պաշտոնն ստանձնելիս, բացի մեկ անհատական բնակելի տնից, հայտարարագրել էր նաեւ մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, ինչպես նաեւ երեք հողամաս (hայտարարագիրը ներկայացվել է 06.07.2016 թ․):

Սակայն մի քանի ամիս անց, երբ Դավթյանը դարձավ ՀՀ գլխավոր դատախազ, արդեն որպես գլխավոր դատախազ պաշտոնն ստանձնելիս ներկայացրած հայտարարագրում (29․09․2016 թ.) այդ բնակարանի մասին նշում չկա, քանի որ այն մինչեւ նրա պաշտոնեական առաջխաղացումն օտարվել է 19 մլն դրամով: 2016 թ. հայտարարագրում Դավթյանը նշել է նաեւ 10 մլն դրամ հանձնված փոխառություն, որը հարկային տարում նույն չափով էլ վերադարձվել է: Հաշվետու տարում Դավթյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 18 մլն դրամ, տարեվերջին՝ 8 միլիոն:

Նա 2016-ին, որպես եկամուտ, հայտարարագրել է նաեւ չորս տարբեր տեղերից ստացած աշխատավարձը կամ դրան հավասարեցված վճարը՝ 8 մլն 981 հազար 399 դրամ, 325 հազար, 285 հազար 130 եւ 77 հազար 660 դրամ, «այլ եկամուտ»՝ 3 մլն 800 հազար, գույքը՝ վերոհիշյալ բնակարանը, օտարելուց ստացված 19 միլիոն դրամ գումարը եւ 12 մլն 500 հազար դրամ փոխառություն: Փաստորեն, գենպրոկուրորն այսօրվա դրությամբ երկու անհատական բնակելի տուն ունի, երկու հողամաս, սակայն եւ ոչ մի տրանսպորտային միջոց: Մինչդեռ, երբ այժմյան գլխավոր դատախազը ժամանակին Երեւան քաղաքի դատախազի պաշտոնն էր զբաղեցնում, VOLKSWAGEN TOUAREG 3.2 մեքենա էր հայտարարագրել, որը, սակայն, օտարվել է դեռեւս 2014 թվականին՝ 8 մլն դրամով:

Նշենք, որ Դավթյանի կինը՝ Անի Դավթյանը, որպես բարձրաստիճան պաշտոնյային փոխկապակցված անձ, հանձնաժողով չի ներկայացրել 2017 թ. տարեկան հայտարարագիրը, ինչն օրենքի խախտում է: 2016 թ. տարեկան հայտարարագրում Անի Դավթյանը հայտարարագրել էր 10 մլն դրամ դրամական միջոց, որը տարեվերջին կազմել էր 8 մլն դրամ, եւ 680 հազար դրամ աշխատավարձը: Դավթյանի հետ համատեղ բնակվող անձինք՝ հայրն ու մայրը, նույնպես չեն ներկայացրել 2017 թ․ տարեկան հայտարարագրեր։

ՀԳ. Նշենք, որ անցյալ տարի մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե Դավթյանն Աջափնյակում (17-րդ թաղամաս) շքեղ առանձնատուն է կառուցում, ինչին արձագանքել էր դատախազությունը՝ մասնավորապես պարզաբանելով. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած 2016 թվականի հայտարարագրում շատ թափանցիկ ներկայացված են նրա գույքային եւ դրամական միջոցներն ու դրանց շարժը: Եթե ԶԼՄ-ները փորձեին անգամ մակերեսային վերլուծության ենթարկել այդ փաստաթուղթը, կնկատեին, որ նրա խնայողությունները զգալիորեն նվազել են:

Բացի այդ, պարոն Դավթյանը նախորդ տարի վաճառել է իր ընտանիքին պատկանող՝ բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը եւ իր հայրիկի հետ միասին վերցնելով 25 միլիոն դրամի չափով վարկ՝ համասեփականությամբ կառուցել է նշյալ առանձնատունը՝ այդ նպատակին հատկացնելով նաեւ իր հարազատ գյուղում (Շիրակի մարզի Հոռոմ գյուղ՝ խմբ․) ծավալած գյուղատնտեսական գործունեության արդյունքում արտադրված գյուղմթերքի իրացումից ստացված 3 միլիոն 800 հազար դրամ եկամուտը»: Ըստ դատախազության՝ այդ առանձնատան շինարարության, նախագծման աշխատանքներն սկսվել են ոչ թե նրա՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո, այլ դեռեւս 2014-ից:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES