Հորդորում եմ վարչապետին ԼՂ վերաբերյալ հայտարարություններ անելուց առաջ ավելի շրջահայաց լինել. Է. Շարմազանով

Հայաստանի Հանրապետությունը Արցախյան հարցի կարգավորման գործընթացում երբեք չի եղել ու չկա որպես հակամարտության կողմ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Որևէ միջազգային փաստաթղթում Հայաստանը որպես հակամարտության կողմ չի դիտարկվում, այդ թվում՝ ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձևերում: Սա տարածքային հակամարտություն չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև», — ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Արցախում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է:

«Պարոն վարչապետի այս հայտարարությունը չեմ կարծում, որ ամրապնդում է մեր բանակցային դիրքերը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանն են հակամարտության կողմեր, այլ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Մարդու իրավունքների պաշտպանության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման համար պայքարի գործընթաց է», — ասաց ՀՀԿ խոսնակը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հայաստանն այս գործընթացում, այս բանակցություններում հանդես է գալիս ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր:

«Ես հորդորում եմ, առաջարկում եմ պարոն վարչապետին հայտարարություններ անելուց առաջ ավելի շրջահայաց լինել: Մեր շահերից է բխում, որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններում հաջողի։ Ես կլինեմ առաջին երջանիկը, որ թե՛ Արցախյան հիմնահարցում, թե՛ Ցեղասպանության ճանաչման գործում, թե՛ ներքին քաղաքականության մեջ այն, ինչ ասել է ինքը, հաջողի»,- նշեց նա:

Սակայն, հաջողելու համար, ըստ Շարմազանովի՝ պետք է շատ զգուշավոր լինել հայտարարությունների մեջ։

«Չանենք հայտարարություններ, որոնք այդ կոնֆլիկտի հետ որևէ կապ չունեն և կարող են թուլացնել Հայաստանի ու Արցախի բանակցային դիրքերը, սա է խնդիրը», — ասաց ՀՀԿ խոսնակը:

Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի՝ Արցախի Հանրապետությանը բանակցային սեղան վերադարձնելու հայտարարությանը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մեկ անգամ չէ, որ իրենք այդ մասին ասել են:

«Էդվարդ Նալբանդյանն է ասել, որ չի եղել մի հանդիպում, որտեղ մենք չենք պնդել, որ Արցախը պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ։ Ավելին՝ համանախագահ երկրների ներկայացուցիչները Երևանում բազմաթիվ անգամ նշել են, որ առանց Արցախի մասնակցության անհնար է լուծել։ Հիմա եթե Փաշինյանին կհաջողվի վերադարձնել Արցախին բանակցությունների կողմ, ես դրանում միայն ուրախ կլինեմ, կծափահարեմ ու կսատարեմ»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ Հանրապետականը մաս կազմի համաձայնության կառավարությանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն ընդդիմություն է, և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության համար քաղաքական պատասխանատվություն չի կրում: Հանրապետական կուսակցությունը՝ որպես քաղաքական միավոր, չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորմանը»:

Դիտարկմանը, թե ԱԺ «Հայաստանի Հանրապետական խմբակցության» ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի իր անդամներին մաս կազմել նոր կառավարությանը, Է. Շարմազանովն ասաց. «Եթե կլինեն կուսակցականներ, նախարարներ, որոնք կմնան աշխատելու, իրենց ուժով չենք խոչընդոտի, որ չմնան»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES