ՄԱՆՎԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՁԵԲԱԿԱԼՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՊՕՐԻՆԻ Է, ԱՅՆ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է․ ՓԱՍՏԱԲԱՆ

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ԱԱԾ-ի իրականացրած բոլոր որոշումները բողոքարկել են։ Այս մասին Hraparak.am-ին ասաց Գրիգորյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։

«Բողոքարկել ենք բոլոր որոշումները, խուզարկության համար տրված դատարանի որոշումն էլ, բերման ենթարկելու ձերբակալման որոշումն էլ, բոլորը բողոքարկվել է արդեն դատարան, հիմա՝ մի փոքր անց արդեն մուտք կարվի դատարան»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ այդ բոլորը որոշումները իրենք համարում են ապօրինի։

Թե ինչ հիմքով են ապօրինի համարում այդ որոշումները, պարոն Գրիգորյանն ասաց․ «Ինքը Ազգային ժողովի պատգամավոր է, և իրեն իրավունք ունեն ձերբակալել միայն հանցանքի կատարման ժամանակ, իսկ ինքը էդ ժամանակ, երբ որ բերման է ենթարկվել, գտնվել է Էջմիածնի ԵԿՄ բաժանմունքում, որտեղից ոչ մի բան չի հայտնաբերվել, և մարդը էդտեղ հանցագործություն չի կատարել։ Իսկ որտեղից զինամթերք է հայտնաբերվել այդ վայրում նա չի գտնվել, և այդ վայրում էլ, որքան ես եմ տեղյակ, այլ անձ հայտարարել է, որ դա իրենն է»։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն այս պահին գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, և եթե որոշվի, որ պետք է կալանավորեն պատգամավորին, դրա համար 72 ժամ ունեն, որ դատախազը դիմի Ազգային ժողովին՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES