Մարտի մեկի զոհերի հարազատները հիասթափված են.Հիմա ավելի վատ վիճակում հայտնվեցինք

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները։ Դատարանը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։ Մարտի մեկի զոհերի հարազատները հիասթափված են։ 2008-ի մարտի 1-ին զոհված ոստիկանական զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը, Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցածը շոու է հիշեցնում. «Նեղված եմ, շատ եմ նեղված։ Սա շոուի էր նման, կբռնեն, մի քիչ ցույց կտան։ Նախորդ իշխանության ճյուղերը տարածված են, սարդոստայնը այնքան շատ է, որ այս իշխանությունը ինչ կարող է անել… պետք է կարողանար քանդել թելերը, դա այնքան էլ հեշտ չի լինի։

Ուզում եմ նշել, որ սա ինձ համար անսպասելի չէր։ Ես Քոչարյանին միայն հիշեցրի, որ շատ լավ էր՝ Համլետ Թադևոսյանին հիշեց, իսկ ինչո՞ւ իմ որդու անունը չհիշեց, չէ՞ որ իմ որդին զինվոր էր, ես նրան հիշեցրի, որ եթե հիշում ես Համլետ Թադևոսյանին, գոնե հիշիր Տիգրան Աբգարյանին էլ։ Այդքան օր որդիս կոմայի մեջ էր, Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո նոր երեխուս ապարատը անջատեցին», հուզված նշեց նա։ Հիմա, ըստ նրա, մարտի մեկի գործով ինչ-ինչ բացահայտումներ կլինեն, բայց իր որդու՝ Տիգրան Աբգարյանի սպանությունը համոզված է, որ չի բացահայտվի։ Տիկին Ռուզաննայի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից հետո պարզապես մի քանի օր ոգևորված ապրեցին, հիմա ներաշխարհը նորից փոթորկվեց. «Հիմա ավելի վատ վիճակում հայտնվեցի։

Չորս հոգին, որ չերյոմուխայով զոհվեցին, նրանց գործը կբացահայտվի, մի քանի ոստիկանի կբռնեն, կնստեցնեն, բայց կոնկրետ իմ որդու գործը, կարծում եմ, չեն բացահայտի։ Գրիգոր Գրիգորյանի՞ն, թե՞ Միքայել Հարությունյանին են պատժելու, ո՞վ հրաման տվեց, ո՞վ իմ որդուն սպանեց, ոչ ոք չի կարող ասել։ Ոչ մեկը չի ասի, էնպես որ ժամանակից շուտ ոգևորվեցի՝ միևնույն ժամանակ իմանալով, որ ոչինչ էլ չի լինելու, հիմա սպասենք, տեսնենք՝ ինչ է լինելու սրա շարունակությունը»։ Տիկին Ռուզաննայի խոսքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության ժամանակ մարտի մեկի զոհերի հարազատները միմյանց աչքալուսանք էին տալիս, այսօր զանգում են իրար և հուսախաբ ասում՝ տեսար ինչ եղավ, տեսար ոնց բաց թաղեցին. «Շատ վատ վիճակում ենք բոլորս, հուսախաբ ենք, չգիտենք, թե սրա շարունակությունն ինչ կլինի, ավելի լավ էր չբարձրաձայնեին այս գործը, քան թե այսպես հուսախաբ անեին։ Միգուցե դեռ մի լավ լույս կբացվի ինչ-որ տեղից։ Տասը տարի հետո ոգևորության ալիք անցավ մեջներս, հետո փուքսները թողեցինք»։

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր զարկերակային ճնշումը բարձրացել է լուրը իմանալուց հետո։ Սարգիս Քլոյանն էլ նեղսրտած էր։ Ըստ նրա՝ հնարավոր է՝ դատավորին են շատ մեծ գումարով կաշառել։ «Մենք այս վարկածի շուրջ ենք պտտվում, կասկածում ենք, որ կաշառել են, ուրիշ ոչինչ։ Փաստաբան Վահե Գրիգորյանի հետ ենք խոսել, նա նույնպես զարմացած էր, թե ինչու բաց թողեցին։ Մենք արագ վճռաբեկ պետք է դիմենք», հավելեց Գոռ Քլոյանի հայրը։ «Նա իրավունք չունի լքել Հայաստանի սահմանը մինչև վերջնական լուծում չստանա գործը։ Ինչ է նշանակում անձեռնմխելի է, եթե անձեռնմխելի է, իրավունք ունի մի հարյուր մա՞րդ էլ սպանելու, ու էլի կասեն անձեռնմխելի՞ է»,-ասաց նա՝ հավելելով, որ որքան ոգևորիչ էր Քոչարյանի ձերբակալությունը, նույնքան հիասթափեցնող է նրան ազատ արձակելը։
Lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES