«Մեր հանրությունն այնքան հեշտ է մարդկանց բարձրացնում և այնքան հեշտ է տրորում. դա մարդկային չէ». Նիկոլ Փաշինյանի կինը՝ Ձախ Հարութի հետ տեղի ունեցածի մասին

Այսօր Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, անդրադարձավ նրան, որ շատերի համար Հայաստանում տեղի ունեցածը սիրո և հանդուրժողականության հեղափոխություն չէր, քանի որ այդ մարդկանց շարունակում են վիրավորել, ճնշել, և այլն:

Ա. Հակոբյանն ասաց, որ հնարավոր չէ ակնկալել բոլորից միևնույն արձագանքը, պահվածք, ընկալումը: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն անընդհատ գրում է իր էջում, թե ինչ բովանդակությամբ նամակներ է ինքը ստանում, և պարբերաբեր ասում է՝ «սա՞ է սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը», Ա. Հակոբյանն այսպես պատասխանեց.

«Շատ հարգելի Շուշան Պետրոսյանի ասածում մանիպուլյացիայի էլեմենտներ էլ կան, որովհետև հեղափոխության համար պատասխանատու է այն անձը, որը տանում է ժողովրդին, ավելի շատ հնարավոր չէ դիմել ժողովրդին և ասել, որ սա սիրո և հանդուրժողականության հեղափոխություն է, և պետք չէ սրել, վիրավորել: Հնարավոր չէ, որ Շուշան Պետրոսյանը չի լսել դա»:

Անդրադառնալով երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ տեղի ունեցածին՝ Ա. Հակոբյանն ասաց, որ ցավալի է այն, ինչ տեղի է ունեցել. «Առիթից օգտվելով՝ ուզում եմ ուղղակի մարդկանց խնդրել մի քիչ ավելի հանդուրժող լինել, մեր հանրությունը (կամ ինչ-որ խմբեր) այնքան հեշտ է մարդկանց բարձրացնում և այնքան հեշտ է տրորում: Դա մարդկային չէ, ու պետք չէ այդպես: Պետք է ավելի հանդարտ ու համբերատար լինել: Հիմնվելով ընդամենը մի դրվագի վրա՝ մարդուն այդ վիճակի մեջ գցելը ճիշտ չէ, մարդկային չէ»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES