Յուրի Խաչատուրովի համար անհասկանալի է՝ ինչում է մեղադրվում. պաշտպան

Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության շուրջ դատական նիստը ընդմիջվել է, կշարունակվի այսօր՝ ժամը 18։00–ից հետո։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27–ին լրագրողների հետ զրույցում հայտնեց քրեական գործով մեղադրյալ Յուրի Գրիգորիի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Դատարան է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն, դատական նիստը ընդմիջվել է պաշտպանության իրավունքը ապահովելու եւ բավարար ժամանակ տրամադրելու, առաջադրված մեղադրանքին ծանոթանալու համար»,–նշեց նա։

Փաստաբանը հաղորդեց նաեւ, որ դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00–ից հետո։ «Վերջինիս պարզաբանված չի եղել մեղադրանքի բնույթն ու հիմքը, իրեն անհասկանալի է՝ ինչո՞ւմ է մեղադրվում»,–հավելեց նա։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ երբ հասցրեց դատական նիստ տեղի ունենալ, որին ի պատասխան պաշտպանը հայտնեց.«Տեղի է ունեցել արդեն 2 դատական նիստ, որին ծանուցված չի եղել, իսկ իմ կողմից ծանուցելուց հետո 15։00–ին ներկայացել է դատարան»։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին:

Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES