Յուրի Խաչատուրովի նկատմամբ 5 միլիոն գրավ նշանակվեց

Քիչ առաջ ավարտվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու շուրջ դատական նիստը: Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց նշանակվել է գրավը: «Ահռելի գումար չէ, այսինքն՝ ինչը որ հասարակության մեջ հայտնի է վերջին իրադարձությունների հետ կապված, որ կիրառվեց, սովորական մյուս գործերով ընդունելի գումար է»,- ասաց նա: Ճշտող հարցին, թե մինչև 5 միլիոն դրա՞մ է, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ ուղիղ 5 միլիոն դրամ գրավ է նշանակվել: Նկատառմանը, թե այս ժամին Հայաստանում բանկային համակարգը չի աշխատում, նշանակո՞ւմ է, որ մինչև առավոտ նա ազատ չի արձակվի, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում 24 ժամ աշխատում է համակարգը: «Իրավական գործողություններ են իրականացվում, քանի որ առկա է կալանավորման մասին դատարանի հանձնարարություն դատական կարգադրիչները սպասում են, որպեսզի ոստիկանության աշխատակիցները ժամանեն, հանձնեն ոստիկանության աշխատակիցներին՝ իրեն քրեակատարողական հիմնարկ ներկայացնելու համար», ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ եթե անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում գրավի մուծման անդորրագիրը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացնելուց անմիջապես հետո պարտավոր են ազատ արձակել ցանկացած անձի: Հարցին, թե կարո՞ղ է Յուրի Խաչատուրովը լքել հանրապետությունը, Միհրան Պողոսյանը պատասխանեց՝ չի կարծում, որ վերջինս այս պահին նման ցանկություն ունի. «Գրավը խափանման միջոց է, որ նույնիսկ հանրապետությունը լքելու ժամանակ դրա թույլտվությունը վարույթ իրականացնող մարմինն է տալիս: Մենք նման միջնորդություն չունենք, քանի որ մեզ համար դատարանի որոշումը կանխատեսելի չէր՝ ո՛չ կալանավորման հետ կապված, ո՛չ գրավի հետ կապված»: Հարցին, թե արդյոք Յուրի Խաչատուրովն ունի այդքան գումար, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Հենց այս պահին զբաղված են բարեկամական, հարազատական շրջաններում այդ գումարը հավաքելով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/28/972626/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES