Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ վարչապետ

Հայաստանի Ազգային ժողովում վարչապետի ընտրության երկրորդ փուլում այսօր՝ մայիսի 8-ին՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ, Հայաստանի վարչապետ ընտրվեց պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա թեկնածության օգտին կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

Համաձայն Սահմանադրության՝ խորհրդարանի ընտրած վարչապետին նշանակում է նախագահը: Դրանից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նախարարների և իր տեղակալների թեկնածուներին, որոնց նշանակման մասին տեղեկանքը ստորագրում է նախագահը 3-օրյա ժամկետում:

Նշենք, որ վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 1-ին, երբ ԱԺ Հանրապետական խմբակցությունը դեմ քվեարկեց թեկնածուին: Այս անգամ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և նաև խորհրդարանական խմբակցության որոշմամբ, վարչապետի թեկնածուին կողմ քվեարկեցին խմբակցության անդամ այն պատգամավորները, որոնք հիմնականում ներկայացված են գործարար հատվածում: Հանրապետական խմբակցության քաղաքական թիմը ինչպես մայիսի 1-ին, այնպես էլ այսօր դեմ քվեարկեց առաջադրված թեկնածուին:

Հիշեցնենք, որ Փաշինյանն առաջադրվել էր պատգամավորների թվի 1/3-ից ավելի՝ 41 ստորագրությամբ: Նրա առաջադրմանն ու թեկնածությունը սատարելու մասին հայտարարել են «Ելք» խմբակցությունը՝ 9 պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 պատգամավոր և ՀՅԴ-ն՝ 6 պատգամավոր (խմբակցության 7 պատգամավորներից մեկը՝ Աղվան Վարդանյանը վարչապետի ընտրության առաջին փուլում, դեմ գնալով խմբակցության՝ կողմ քվեարկելու որոշմանը, հայտարարեց չքվեարկելու մասին, նա մանդատը վայր է դրել կուսակցության պահանջով):

Slaq.am — Լրատվական աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES