Նիկոլ Փաշինյանը զգաց վտանգը. Պետք չէր շտապել

Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարությունն ունի հասարակության վստահությունը եւ պարտք չէ որեւէ քաղաքական ուժի: Նա հայտարարեց, որ այդ կառավարությունը ժողովրդի հաղթանակի կառավարությունն է եւ որեւէ մեկի մտքով թող չանցնի, որ կարող է խլել այդ հաղթանակը:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը վերաբերվում էր բոլորին, բայց նախեւառաջ կառավարության մաս կազմած Ծառուկյան դաշինքին ու ՀՅԴ-ին, որոնք տարբեր առիթներով ակնարկել են, թե «լավություն են» արել ժողովրդին, առանց իրենց հեղափոխությունը չէր հաղթի եւ այլն: Ավելին, նրանք նաեւ ինչ որ պահանջներ են դնում, ՀՅԴ-ն օրինակ դեմ էր խոսում արտահերթ ընտրությանը եւ այլն:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում փաստացի «հիշեցնում» էր, որ բոլորը պարտք են ժողովրդին, եւ առաջնայինը թավշյա հեղափոխության օրակարգն է: Նիկոլ Փաշինյանն այս մասին հիշեցնում է արդեն երկրորդ անգամ, եւ երեւում է դեռ առիթ կունենա հիշեցնելու: Բանն այն է, որ հայկական այսպես կոչված քաղաքական համակարգն ինքնին հակահեղափոխական է իր էությամբ եւ հակված է իրավիճակը վերադարձնել «սովորական հուն», որտեղ արդեն որոշակի առավելություն ունի: Ըստ ամենայնի, սերն ու համերաշխությունը մի քիչ շուտ էին, եւ ժամանակին առաջարկվել էր այլ անվանում՝ պատվի, արժանապատվության հեղափոխություն: Ավանդական համակարգում սերն ու համերաշխությունն արագ հանգում են «ախպերությանը», մանր մոտիվացիաներին, այսինքն՝ հակահեղափոխությանն իր մշակութաբանական ու մենթալ դրսեւորումներում, ինչին էլ ականատես ենք դառնում հետհեղափոխական շրջանում:

Ընդ որում, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. ՀՀԿ-ն այսօր կամա թե ակամա վեր է ածվել հեղափոխության «պահապանի», իսկ Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն դառնում են հակահեղափոխության շարժիչ ուժը հենց վերն ասված ավանդույթի ու արժեհամակարգի ուժով: Ըստ ամենայնի, ժամանակին նրանց պետք էր բերել հրապարակ եւ այնտեղ «միացնել» հեղափոխությանը՝ հարյուր հազարների առջեւ, ոչ թե կաբինետներում:

Նիկոլ Փաշինյանը զգացել է այդ մեթոդաբանական սխալը եւ զգուշացրեց, որ կրկին կարող են հարյուր հազարներ հավաքվել՝ առաջ մղելու հանրային օրակարգը: Այն է՝ Ընտրական նոր օրենսգրքի, Կուսակցությունների մասին նոր օրենքի հիմքով արտահերթ ընտրություններ եւ դեկապիտալիզացիայի մասին օրենք: Միայն այդ դեպքում տեղի կունենան համակարգային փոփոխություններ, հեղափոխությունը կհասնի իր տրամաբանական ավարտին, եւ կհաստատվի սերն ու համերաշխությունը՝ հիմնված հանրային նոր պայմանադրության վրա:

ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն ու ժամկետանց շատ այլ խմբեր այդ ժամանակ կարող են նաեւ չլինել, բայց դրանից Հայաստանը չի կորցնի ոչինչ:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES