«Ոնց կարելի էր Բաքվի կլյուչնիկին բերել կանգնեցնել ավիացիայի գլխին. պետք է քրգործ հարուցել ու մեղավորներին պատժել

«Հիմա, նոր կառավարության ձևավորումից հետո արդեն ժամանակն է ունենալ ազգային փոխադրող։ Դա անհրաժեշտություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը։ Նրա խոսքերով՝ այս տարիներին պարզապես թալան էր իրականացվում ավիացիայում, որի արդյունքում ամեն ինչ ոչնչացվեց։ Ոչնչացվեց նաև հայկական ավիաընկերությունը։

Շահեն Պետրոսյանի խոսքերով՝ հիմա բավական մեծ գումար է պետք, մոտ 50 միլիոն դոլար, որպեսզի օդանավեր գնվեն, ինֆրակառույցը զրոյից կառուցվի։ Կամ էլ հնարավոր է նախկին «Արաքս» ավիաընկերությունը վերակառուցել։ «Բայց ես ավելի հակված եմ, որ մենք բյուջետային ավիաընկերություն ստեղծենք սկզբի համար։ Սպասարկման ցածր մակարդակով, որպեսզի մատչելի լինի, բայց դրան զուգահեռ կան այլ խնդիրներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած բարձր գները, սպասարկման, վառելիքի մենաշնորհը, ռուսական ընկերությունների կողմից շուկան մենաշնորհելը։ Շատ դժվար կլինի նոր ընկերությանը մրցակցային պայմաններում աշխատել»,- ասաց Պետրոսյանը։

Քաղավիացիայի նախկին պետը կարծում է, որ քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր է մենաշնորհները վերացնել։ Օրենք կա, պետք է հետևել, որ օրենքը գործի։ Պարզապես պետք է վերանայել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կազմը։ «Ինչ վերաբերում է «Զվարթնոց»-ի գներին, ապա պետությունը կարող է որոշակի ճնշումներով հասնել նրան, որ «Զվարթնոց»-ը հայկական ընկերության համար զեղչեր անի և իջեցնի գները»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հայկական ավիաընկերությունը պետք է սկզբում ստեղծվի որպես պետական ընկերություն, ապա դրանից հետո ակցիաները վաճառվեն մասնավորին։
Պետրոսյանի խոսքերով՝ հայկական ավիաընկերություն ստեղծելու պարագայում բազմաթիվ աշխատատեղեր կբացվեն, հայ օդաչուները կվերադառնան Հայաստան։

Շահեն Պետրոսյանի խոսքերով՝ նոր կառավարությունը ավիացիայի մասով նոր քաղաքականություն մշակելուց առաջ պետք է քրեական գործ հարուցի, պարզի, թե ինչու այսպես եղավ, ինչու հայկական ավիաընկերությունները կարճ ժամանակում սնանկացան և դուրս մղվեցին շուկայից։ «Հայկական ավիացիան ոչնչացրեց Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն էլ շարունակեց այդ գործընթացը՝ իր Միկա Բաղդասարովով։ Ոնց կարելի էր Բաքվի կլյուչնիկին բերել կանգնեցնել ավիացիայի գլխին։ Քրեական գործերի բազմաթիվ հիմքեր կան։ Մինչև դրանք չբացահայտվեն, մենք դժվար կարողանանք առաջ գնալ»,- ասաց Պետրոսյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES