ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ բուժհաստատությունների աշխատանքային կարգապահությունը վերականգնվելու է: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Տարիներ շարունակ ամենաթողության վիճակում աշխատող մի շարք բուժաշխատողներ եւ բուժհիմնարկների ղեկավարներ սիրո եւ համերաշխության հեղափոխության սկզբունքները շփոթել են բեսպրեդելը շարունակելու անժամկետ քարտ-բլանշի հետ։ Արձագանքը կոշտ է լինելու` ՇԱՏ ԿՈՇՏ։
Ու ոչ մի ստորագրահավաք ու դրանք copy-paste անող մամուլ «չի փրկելու» տարատեսակ սաբոտաժներ հրահրողներին։ Աշխատանքային կարգապահությունը ու բուժհիմնարկների աշխատանքի արդյունավետությունը վերականգնվելու են»,- գրել է նա:
Վերջերս խառը իրավիճակ էր ստեղծվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շուրջ: Լուրեր էին տարածվում, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը: Որոշ լուրերի համաձայն էլ՝ պաշտոնանկությունն ընդամենը ժամանակի խնդիր է: Ավելի վաղ անդրադարձել ենք, որ առողջապահության նախարարությունն իր ենթակայությամբ գործող այս հիմնարկում ուսումնասիրություններ է սկսել՝ նպատակ ունենալով պարզել, թե որքան արդյունավետ են ծախսվել 2016, 2017, 2018 թթ. հատկացված պետական պատվերի գումարները: Ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են, բայց արդեն իսկ նշվում է տարբեր չարաշահումների մասին։
Բուժաշխատողներն իրենց հերթին հանդես են եկել հայտարարությամբ: Նախարարության ստուգումները նրանք համարում են արշավ ԲԿ-ի դեմ ու այն դադարեցնելու կոչ են անում:
Նյութի աղբյուրը՝ http://armtimes.com