«Չգիտեմ ինչու Պավլիկը նման հայտարարություն արեց, դա անակնկալ էր»

Մեր զրուցակիցն է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանը

Պարոն Ենիգոմշյան, երեկ Պավլիկ Մանուկյանը դատարանում հայտարարել է , որ կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը: «Սասնա ծռերի» մեջ  պառակտում կա՞։ Ինչպե՞ս եք գնահատում Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը։

Ես բավարար տեղեկություն չունեմ, թե ինչու Պավլիկ Մանուկյանն այդպիսի հայտարարություն արեց։ Էդվարդ Գրիգորյանը և Մխիթար Ավետիսյանը ևս հայտարարեցին, որ իրենց վերագրվող այդ տեղեկությունը ճիշտ չէ։ Ես իսկապես չունեմ պատասխան, թե ինչու Պավլիկ Մանուկյանն այդպիսի հայտարարություն արեց։ Ես այս փուլում ոչ մի մեկնաբանություն չեմ կարող անել։ Ինչ վերաբերում է պառակտմանը, ապա ոչ մի նշույլ չի եղել, թե նման բան կա։ Այո, հարցադրումներ առաջացնող հայտարարություն է, բայց պառակտման մասին խոսելու համար դա շատ հեռու է։

Իսկ հնարավո՞ր է, որ իր երեկվա հայտարարությամբ Պավլիկ Մանուկյանը փորձում է արդարությունը վերականգնել և նաև հաշվի առնելով, որ նրանք արդեն ազատության մեջ են, փորձում է այնպես անել, որ ազատության մեջ հայտնվեն նաև մյուսները։

Ես որևէ տեղեկություն չունեմ, թե ինչու է Պավլիկ Մանուկյանն այդպիսի հայտարարություն արել։ Ու եթե չունեմ տեղեկությունը, ինձ իրավունք չեմ տալիս մեկնաբանել։

Ընդհանրապես, շոկայի՞ն էր այդ հայտարարությունը։

Շոկային ասելը մի փոքր չափազանցված է,. բայց անակնկալ էր։ Ինչ վերաբերում է արդարություն հաստատելու հարցին, մենք բազմիցս ասել ենք, որ բոլոր տվյալները ցույց են տալիս, որ զոհ դարձած երեք ոստիկաններից գնդապետ Վանոյանի մասով ոչ ոք չի հերքում, որ դա եղել է ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության արդյունքում։ Դա բացարձակապես միտումնավոր, կանխամտածված չի եղել։ Իսկ մյուս երկուսը ամբողջությամբ շինծու են եղել սկզբից։ Այսինքն եղել է մեկը վիրավոր, դա այն դեպքն է, որի մասին ակնարկում էր Պավլիկ Մանուկյանը։ Նա թևից վիրավորվել է, սակայն մեկ ամիս անց հայտարարվեց, որ մահացել է որովայնին ստացած վերքերի հետևանքով, այն դեպքում, երբ իր ոտքով, առանց որևէ մեկի օգնության հարյուրավոր մետրեր քայլելով դուրս է եկել գնդի տարածքից։ Երրորդը բոլորին ծանոթ, ավտոմեքենայում գտնվող ոստիկանն է՝ Տեփանոսյանը։ Այդ երկու դեպքում մենք պնդել ենք ու հիմա էլ պնդում ենք, որ այս վերագրումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և  Պավլիկ Մանուկյանի հայտարարության տեսքով արդարություն հաստատելու խնդրում ես որևէ տրամաբանություն չեմ տեսնում։ Բոլոր դեպքերում, նրանց մահը չի կարելի վերագրել Սասնա ծռերին։

Դուք շարունակում եք պնդե՞լ, որ բոլոր «Սասնա ծռերը» պետք է ազատության մեջ լինեն։

Այո, իհարկե, այն հիմնավորումները, որոնց պատճառով ես և ուրիշները ասել ենք, որ բոլորը պետք է ազատության մեջ լինեն, մնում են նույնը։ Ես նորից եմ ասում, այս պահին, երբ ասում ենք՝ ազատության մեջ պետք է լինեն, խոսքը խափանման միջոցը փոխելու մասին է։ Այո, ազատության մեջ պետք է լինեն բոլորը, բայց հիմա ոչ ոք չի ասում, որ դատավարությունները պետք է վերջ գտնեն, և նրանք հատուկ որոշումով բաց թողնվեն։ Խոսքը խափանման միջոցը փոխելու մասին է, ինչը այս վերջին շաբաթներին տեղի է ունենում, իսկ դատական գործընթացն իր տրամաբանական շարունակությունն ու ավարտը պետք է ունենա։

Դուք հայտարարել էիք, որ մասնակցելու եք խորհրդարանական ընտրություններին, սակայն հիմա առջևում նաև Երևանի ավագանու ընտրություններն են. կարո՞ղ է մասնակցեք նաև Երևանի ընտրություններին։

Եթե տեխնիկապես, ժամանակի առումով մենք բավարար չափով պատրաստված լինեինք, ես կասեի, որ մենք անպայման կմասնակցենք նաև ավագանու ընտրություններին։ Հիմա այդպես չեմ ասում ոչ թե քաղաքական դիրքորոշման պատճառով, պարզապես ժամանակի առումով Երևանի ավագանու ընտրությունները ամենայն հավանականությամբ կլինեն այն ժամանակ, երբ մեզ համար դեռևս շուտ կլինի նախապատրաստվելու իմաստով։ Ես այս պահին 100 տոկոսով չեմ բացառում, բայց  ավելի քիչ հավանական եմ համարում, որ մասնակցենք Երևանի ավագանու ընտրություններին։

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է, որ բոլոր ուժերը մեկ միասնական ցուցակով մասնակցեն խորհրդարանի ընտրություններին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ առաջարկը։

Ցանկացած առաջարկություն մենք հաշվի կառնենք, կքննարկենք, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանում քաղաքական դաշտը պետք է ձևավորվի։ Նախկին վարչախմբի օրոք քաղաքական դաշտն ընդհանրապես փոշիացած է եղել, իրական քաղաքական դաշտ չի եղել, եղել են խամաճիկային քաղաքական ուժեր, իշխանամետ և ընդդիմադիր։ Հիմա այս փոփոխության արդյունքում դա փոխվել է, և Հայաստանին արդեն անհրաժեշտ է իսկական քաղաքական դաշտ։ Դա առաջնահերթություն է, որպեսզի ընդհանրապես քաղաքական դաշտն ու քաղաքական պրոցեսները քաղաքական հունով ընթանան։ Դրանից ելնելով, կարծում ենք, որ տարբեր ուժերի առանձին մասնակցությունը ունի իր լուրջ հիմնավորումը։ Այսինքն, բոլոր այն ուժերը, որոնք եղել են նախկին վարչախմբի դեմ, նաև մասնակցել են համաժողովրդական շարժման, նրանց համատեղ հանդես գալը ինչ-որ տրամաբանություն կարող է ունենալ, բայց նրանց բոլորի համատեղ հանդես գալն այս փուլում չի նպաստի քաղաքական դաշտի ձևավորմանը։ Թեկուզ այդ տրամաբանությունից ելնելով, կարծում ենք, որ առանձին ներկայանալն ունի իր լուրջ հիմնավորումը։ Առանձին ներկայանալ չի նշանակում, որ եթե ապագա խորհրդարանում պետք է լինեն 4 կամ 5 տարբեր կուսակցություններ կամ դաշինքներ, ապա նրանք պետք է իրար դեմ սուր ձևով հակադրված լինեն։ Այսինքն՝ եթե մի ուժ իշխանություն է ձևավորում, ավտոմատ կերպով չի նշանակում, որ մյուս ուժերը պետք է նրա հակառակորդը լինեն։ Յուրաքանչյուրը պետք է ունենա իր օրակարգը, իր պատկերացումները։ Նրանք կարող են շատ-շատ հարցերում համագործակցել, բայց նրանց առանձին ներկայությունը պարտադիր է վերը նշված պատճառով։

Նյութի  աղբյուրը՝  https://www.lragir.am/2018/07/19/365465/

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES