Չի կարող պատահել. շնորհակալության փոխարեն ծեծ

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 19-ի համարում

Հանրապետական հիվանդանոցում (այժմ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն) վերջերս բուժված մի կին պատմեց, որ հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում օրերս արտառոց դեպք է արձանագրվել՝ ծննդկանի հարազատները ծեծել են ծնունդն ընդունած բժշկուհուն: Առաջին պահին մտածեցինք՝ ո՞վ գիտի, մեծ «մաղարիչ» է պահանջել կամ անբարեխիղճ է գտնվել եւ վնասել է ծննդաբերած կնոջն ու երեխային: Հիվանդանոց այցելելով մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է պատահել եւ ինչում է բժշկուհու մեղքը: Իրականությունը, պարզվեց, բոլորովին այլ է: Մեր այցելության պատճառն իմանալով՝ տարեց բժշկուհին՝ Բելլա Սարգսյանը, նախ խիստ զարմացավ, թե որտեղից ենք իմացել կատարվածի մասին, ապա հրաժարվեց մանրամասները պատմելուց, սակայն ի վերջո, տեղի տալով մեր խնդրանքին, պատմեց: Պատմությունն անընդհատ ընդմիջվում էր՝ բժշկուհին վերհիշելով կատարվածն արտասվում էր:

Հուլիսի 5-ին հիվանդանոցի ծննդատուն է ընդունվել 20-23-ամյա Նարինե Բ.-ն: Դա նրա առաջին հղիությունն է եղել, եւ ինչ-ինչ բարդություններ են նկատվել նրա մոտ, բայց քանի որ հասուն հղիություն է եղել եւ վիճակը խիստ տագնապալի չի եղել՝ ծննդատանը առաջին օրը նրա հարազատներին ասել են, որ ամեն ինչ կանեն, որ կինն ինքնուրույն ծննդաբերի: Երեք օր կինը պառկել է հիվանդանոցում, երրորդ օրվա վերջում սկսվել է ընկերքի անջատում՝ պաթոլոգիա, որը բարդացնում է ծննդկանի վիճակը եւ վտանգավոր է նրա ու պտղի կյանքի համար: Ծննդկանին հսկող բժիշկները մինչեւ վերջին պահը հույս են ունեցել, որ կկարողանան օգնել կնոջը՝ նորմալ ֆիզիոլոգիական ճանապարհով ազատվել: Ինչ-որ պահի հերթապահ բժիշկ Բելլա Սարգսյանը նկատել է, որ հղին տարօրինակ է պահում իրեն, եւ պարզել է, որ վիճակը անսպասելի վատացել է՝ պտղի զարկերակը 160 նորմայից ընկել է 50-ի, կնոջ ճնշումը բարձրացել է, անսովոր գունատ է:

Բժշկուհին զգացել է, որ րոպեների ընթացքում կարող են կորցնել ե՛ւ մորը, ե՛ւ երեխային: Նա հուզված պատմում էր, որ հասցրել է միայն կնոջը բացատրել, որ եթե արագ կեսարյան վիրահատություն չանեն, ապա չեն կարողանա փրկել ո՛չ իր, ո՛չ երեխայի կյանքը, եւ Նարինե Բ.-ն զգալով, որ բժիշկը ճիշտ է՝ համաձայնել է (հետագայում նաեւ գրավոր է գրել, որ վիրահատությունը կատարվել է իր համաձայնությամբ): Բժիշկ Սարգսյանը չգիտես ումից եւ ինչ արագությամբ վիրահատական հագուստ է վերցրել, արագ տեղեկացրել բաժնի վարիչին ու մեծ արագությամբ վազել վիրահատարան: «Ես չէի կարող հեռանալ հիվանդից, իջնել ներքեւ եւ զգուշացնել նրա հարազատներին՝ դա կնշանակեր վտանգել երեխայի եւ մոր կյանքը»,- արդարանում էր բժշկուհին:

Երբ ամեն ինչ նորմալ է անցել, բժշկուհին իջել է ներքեւ՝ հարազատներին աչքալուսանք տալու (գուցե նաեւ շնորհակալություն ստանալու), եւ հայտնվել է ծննդկանի գազազած բարեկամների շրջապատում: Թվով 15 կատաղած անձինք շրջապատել են փոքրամարմին, 60-ամյա կնոջը ու դաժանաբար ծեծել են, թե՝ ո՞նց համարձակվեցիր մեր հարսին կեսարյան անել՝ առանց մեր համաձայնությունը ստանալու: Խեղճ կինը միայն կարողացել է բացատրել, որ եթե անգամ դուք արգելեիք, ես կեսարյան անելու էի, եւ դատարանն այդ դեպքում ինձ կարդարացներ, քանի որ մարդու կյանքն ինձնից էր կախված, այլ ոչ թե բժշկությունից հեռու հարազատների կամքից: Բայց նրանց կանգնեցնել չի հաջողվել՝ ծննդկանի ամուսինն ու հորեղբայրը այնքան են հարվածել բժշկուհու դեմքին, որ արյունլվա են արել, ամուսնու քույրը հրահանգել է, թե ինչքան խփեն, որտեղ:

Տարեց կինն այնքան վիրավորված չէր ծեծից, որքան նրանից, որ պատառոտելով վիրահատական հագուստը՝ իրեն այդքան մարդու մոտ մերկացրել էին: Բղավոցների վրա ուշացումով վրա է հասել հիվանդանոցի անձնակազմը եւ բժշկուհուն մի կերպ խլել գազազած ամբոխի ձեռքից: Միջադեպից հետո ծննդատան գլխավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը եւ ամբողջ բուժանձնակազմը համոզել են բժշկուհուն, որ անպայման դիմի ոստիկանություն՝ հայտնի կատարվածի մասին: 30 տարի Հանրապետականում աշխատած Բելլա Սարգսյանը սիրված եւ հարգված է բոլորի կողմից, եւ բոլորին խիստ վրդովվեցրել է կատարվածը: Սակայն այս դեպքում էլ է բժշկուհին քրիստոնեական մոտեցում դրսեւորել՝ որոշել է չբողոքել:

Դեպքի հաջորդ օրերին հիվանդանոցում բոլորը զարմացել են՝ տեսնելով, թե ինչ հոգատարությամբ է Բելլա Սարգսյանը խնամում Նարինե Բաբաջանյանին, որին չորրորդ օրը նորմալ վիճակում՝ երեխայի հետ միասին դուրս են գրել հիվանդանոցից: Թվում է՝ կատարվածից հետո հարազատները պետք է հասկացած լինեին, թե ինչքան են սխալվել եւ փորձեին ներողություն խնդրել իր պարտքը կատարած բժշկուհուց, սակայն դրանից հետո էլ նրանք նորմալ չեն պահել իրենց (իր հարազատների փոխարեն բժշկուհուց ներում է խնդրել ծննդկանը): Նրանք սկսել են սպառնալ, թե դատի են տալու բժշկուհուն, հիվանդանոց է ժամանել երգչուհի Մանիկ Գրիգորյանը (նա էլ է ծննդկանի հարազատներից), աղմկել, հայտարարել, որ քիչ են ծեծել բժշկուհուն:

Եւ ամենահետաքրքիրը՝ այս պատմության ողջ ընթացքում ծեծողների բրիգադը պարբերաբար հայտարարել է, որ իրենք Աղվան Հովսեփյանի հարազատներն են: Սկզբում դա, իհարկե, ազդեցություն է գործել, սակայն երբ ծննդատան տնօրենը զգուշացրել է, որ կզանգի գլխավոր դատախազին եւ կասի, որ իր անունը շահարկում են՝ այլեւս Հովսեփյանի անունը չեն տվել: Հետո հիվանդանոցում պարզել են, որ այս անձինք ոչ թե Աղվան Հովսեփյանի, այլ նրա վարորդի բարեկամներն են: Բժշկուհի Բելլան ասում էր. «Մի քանի տարի առաջ Հովսեփյանի թե նրա եղբոր աղջիկն էր մեզ մոտ ազատվում՝ ոչ մի անգամ չտվեց նրա անունը, իսկ սրանք…»: Այո, վարորդների, թիկնապահների խավը մեր երկրում լուրջ գործոն է դարձել:

Արմինե Օհանյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES