«Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվողը անձնական եւ քաղաքական դրսեւորումներ ունի». Էդուարդ Շարմազանով

ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ակնհայտ է համարում, որ «մարտի 1»-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվողը անձնական եւ քաղաքական դրսեւորումներ ունի: Հիշեցնենք, այդ մասին երեկ «Երկիր մեդիային» տված հարցազրույցում հայտարարել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանն`ասելով. «Մտածում եմ, որ մոտակա սպասվելիք արտահերթ ընտրությունների`իմ հնարավոր մասնակցության մասին է եւ էն գլխից փորձում են չեզոքացնել ինձ, իմ հնարավոր ակտիվ մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Թեկուզ վերջին տասը տարվա ընթացքում բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց սա այն դեպքն է, որ արդեն դու քաղաքականությամբ չես զբաղվում, այլ քաղաքականությունն է սկսում քեզանով զբաղվել»: «Չեմ բացառում նաեւ, որ ապագա ընտրական գործընթացներին մասնակցելու հնարավորության սահմանափակումը լինի պատճառը»,-Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց Էդուարդ Շարմազանովը: Իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության հետ իր լարված հարաբերությունների մասին: Խոսելով իր պաշտոնավարության տարիներին տնտեսական ձեռքբերումների մասին, Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ «նման բագաժով» մարդը կարող է վտանգավոր լինել իրենց համար եւ փաստում. «Ի դեպ, նախկին իշխանությունը եւս մտահոգ էր միշտ այդ հարցով: Ոնց որ իմ կերպարը հանգիստ չի տալիս: Ով էլ գա իշխանության, պիտի ինձնով միշտ մտահոգված լինի: Տասը տարի ես քննադատության եմ միշտ ենթարկվել նաեւ ՀՀԿ-ականների կողմից: Որովհետեւ ես, որոշ հարցերի վերաբերյալ, որոնց հետ համաձայն չէի, արտահայտվում էի եւ քննադատում էի: Ես համարում էի, որ ես իրավունք չունեի լռելու: Եթե ես կենսաթոշակային պարտադիր վճարի հետ համաձայն չէի, եւ տեսնում էի, որ բոլորը քննարկում էին այդ հարցը, ես չէի կարող կարծիքս չհայտնել: Կամ`էդ կամերաների, կարմիր գծերի, հայ-թուրքական արձանագրությունների: Առաջինը ես եմ խոսել հայ-թուրքական արձանագրությունների մասին եւ այդտեղից է սկսվել նաեւ իմ նկատմամբ շատ զգուշավոր վերաբերմունքը անցած իշխանությունների կողմից: Ինձ կապում էին միշտ Սերժ Սարգսյանի հետ, մինչեւ հիմա կապում են: Մենք լուրջ, շատ դժվար ճանապարհ ենք անցել միասին, բայց այդ նույն կապն անցած տարիներին ուղղակի խզվել է»: «Մենք լարված հարաբերություններ չունենք որեւէ մեկի հետ: Մենք ունեցել ենք մեր մոտեցումները, երկրորդ նախագահն`իր: Բայց ակնհայտ է Ռոբերտ Քոչարյանի դրական դերակատարումը`եւ արցախյան պատերազմում, եւ ՀՀ-ի հզորացման գործում»,- մեր դիտարկումներին կարճ արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/27/972489/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES