Սահմանամերձ Կոթիի բնակիչը վիրավորված է Բագրատաշենի մաքսակետի աշխատողների վերաբերմունքից

Մեզ է դիմել Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի (նրա ինքնությունը մեզ հայտնի է): Կոթեցին դժգոհ է իր հանդեպ Բագրատաշենի մաքսակետի աշխատողների վերաբերմունքից: Նա հայտնեց, որ երեկ՝ հունիսի 30-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքի ավտոշուկայից «Օպել» մակնիշի ավտոմեքենա է գնել, վերադարձին Սադախլոյից կգը 40 թեթրիով(մոտ 80 դրամ)գնել է 10 հատ ձմերուկ: Ժամը 15-ից 16-ի սահմաններում Բագրատաշենի մաքսակետում նրանից պահանջել են ձմերուկի վերաբերյալ փաստաթուղթ, որը չի ունեցել: Կոթեցի տղամարդն ասել է, որ ձմերուկները գնել է իր ընտանիքի համար,պատրաստ է դրանց մաքսազերծման վճարը մուծել, սակայն մաքսակետի աշխատողները անդրդվելի են եղել: Կոթեցին խորապես վիրավորվել է մաքսակետի աշխատողի եւ հերթափոխի պետի անքաղաքավարի վերաբերմունքից, նրանցից մեկը մատով ցույց է տվել , թե կոթեցին ուր պետք է տեղափոխի 10 ձմերուկը: Տղամարդը զարմանում է, թե ինչու իրենից բռնագրավված ձմերուկների համար իրեն որեւէ փաստաթուղթ չեն տրամադրել: Նա հայտնեց, որ մաքսակետի աշխատողները վեճի ժամանակ իրեն ասել են, որ դրանից մի շաբաթ առաջ ինքը եղել է Վրաստանի տարածքում: Տղամարդն ասաց, որ Վրաստան այցելելու մեջ որեւէ հանցանք չկա, մի շաբաթ առաջ ինքը Վրաստան էր գնացել ավտոմեքենա ընտրելու համար, սակայն այն ժամանակ հարմար մեքենա չէր գտել: Կոթեցին ասաց, որ կրել է 1990-ական թվականների սկզբին ռմբակոծվող Կոթիին բաժին ընկած զրկանքները, 2008թ. մարտի 1-ին ինքը անօրինականությունների դեմ Երեւանում ընդվզողների մեջ էր, կարծում էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ժողովրդական հեղափոխությունից հետո դրականորեն կփոխվի քաղաքացիների հանդեպ պաշտոնյաների վերաբերմունքը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/01/967866/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES