Սա արդեն հետաքրքիր է դառնում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ ամերիկյան նոր խոշոր ներդրումների մասին խոսելն առայժմ վաղ է: Դեսպանի խոսքով, ամերիկացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով, սակայն ցանկանում են տեսնել, թե արդյոք կառավարությունը հետամուտ կլինի կոռուպցիայի դեմ պայքարում: Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցից հետո կտրուկ հայտարարություններ հնչեցին եվրոպական ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եվրոպացիներից ակնկալիքներն ավելի մեծ էին, սակայն հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխություն չկա: Ի պատասխան Հայաստանում Եվրամիության դեսպան Սվիտալսկին հայտարարեց, թե եթե Հայաստանի քաղաքականության մեջ չկա փոփոխություն, ինչու պետք է լինի ԵՄ կողմից: «Իսկ դուք ասում եք հետևյալը՝ որ Հայաստանի քաղաքականության մեջ գոյություն չունեցող քաղաքականությունը պետք է արդյունքում բերի Հայաստանի նկատմամբ ԵՄ ունեցած քաղաքականությունում փոփոխության: Կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչպես կարելի է համատեղել այս երկուսը», ասել էր Սվիտալսկին: Շատերն են նշում, որ հայկական հեղափոխության հանդեպ Արեւմուտքում, չնայած հիացական հայտարարություններին, ընդհանուր առմամբ անտարբեր վերաբերմունք է: Դա կարող է պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով, եւ հիմնականը թերեւս այն է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն արտաքին կողմնորոշման փոփոխություն չէր, ինչպես Վրաստանի եւ Ուկրաինայի պարագայում: Նոր իշխանությունն իր հերթին բազմիցս հայտարարել է այդ մասին, որ արտաքին քաղաքականության ռազմավարությունը չի փոխվելու: Իր հերթին, Հայաստանի աշխարհքաղաքական դերակատարությունը, այն է՝ թուրքական էքսպանսիայի զսպումը, խոշոր հաշվով չի ենթադրում արտաքին կողմնորոշման փոփոխություն, եւ Հայաստանի հարցում այս դերակատարության հարցում կա միջազգային լայն կոնսենսուս: Մնացածը դիտարկվում է որպես ներհայկական խնդիր, եւ այդ մասին էին հայտարարում նաեւ հայկական հեղափոխության առաջնորդները: Այսինքն, Հայաստանի հանդեպ քաղաքականությունն ըստ էության մնում է նույնը եւ կարող է փոխվել խիստ կոնկրետ հանգամանքներում: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Արեւմուտքից Հայաստանի առջեւ չի դրվում արտաքին կողմնորոշման խնդիր, բոլորին պարզ է Հայաստանի իրավիճակը եւ դերակատարությունը, եւ վարվող քաղաքականությունն ուղղված են այդ դերակատարության ապահովման նվազագույն պահանջներին: Իսկ ավելին՝ ավելիի դիմաց, ինչպես բազմիցս կրկնել են եվրոչինովնիկները:

 

Նյութի աղբյուրը` Yelaket.am

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES