Անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի և նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի: «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանն օրեր առաջ CivilNet-ին տված հարցազրույցում ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ արտահայտելով իր կարծիքը՝ մասնավորապես ասել է. «Ռոբերտ Աբաջյանի անունը շատ է շահարկվում: Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել: Մանկահասակ դեմքով տղա՝ էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»: Սա սոցցանցերում քննարկումների առիթ է դարձել:
«Արցախպրես»-ի հետ զրույցում գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը նշել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը մեր ժողովրդի համար հերթական լուրջ փորձությունը լինելով հանդերձ՝ Հայոց նորօրյա սերնդին ճանաչելու առիթ էր: