«Փաշինյանը կարող է իր տղայի բանակի քեֆին ինձ չհրավիրել, բայց Սարդարապատը ոչ նրա, ոչ նախագահի ընտանիքի միջոցառումը չէր»

«Մայիսի 28-ը Հայաստանի ու հայ ժողովրդի միասնության օրն է, և մայիսի 28-ին մենք հաղթեցինք, քանի որ հասկացանք, որ ներքին թշնամի մեր մեջ չկա, մենք պետք է միասնական լինենք, բոլորս մի նավի անդամ ենք, հայ ենք ու համախմբեցինք արտաքին թշնամու դեմ պայքարում: Եվ այսօր վարչապետն իր խոսքում նույնականացնում է Սարդարապետն ու վերջին ամսում տեղի ունեցած շարժումը, ինչը անթույլատրելի է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Չի կարելի սեփական երկրում ներքին թշնամիներ փնտրել, չի կարելի սեփական երկրում թեկուզ ներքաղաքական պայքարը, իշխանափոխությունը սևի ու սպիտակի վերածել»,-նկատեց նա:

Հարցին, թե ինչու այսօր ոչ ԱԺ նախագահը, ոչ ինքը որպես ԱԺ փոխնախագահ կամ մյուս ՀՀԿ-ականները ներկա չէին Սարդարապատում համազգային տոնակատարության միջոցառմանը, Շարմազանովը պատասխանեց.

«Առնվազն 11 տարի ԱԺ պատգամավոր եմ, 8 տարի ԱԺ նախագահի տեղակալ եմ և կիսանախագահական համակարգի Հայաստանում ԱԺ նախագահն ու փոխնախագահները, խմբակցությունների ղեկավարներն ու հանձնաժողովի նախագահները հրավիրվել են մշտապես նման միջոցառումների: 100-ամյակն ամեն տարի չի լինում, 100-ամյակի միջոցառմանը, այո, ես ակնկալում էի, որ կստանամ հրավեր, բայց ինձ ԱԺ աշխատակազմից տեղեկացրել են, որ կառավարության աշխատակազմից ստացվել է ԱԺ-ի համար ընդամենը 13 հրավիրատոմս, որից 4-ը՝ «Ելք» խմբակցությանը, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինք, 3-ը՝ ՀՅԴ, 3-ը՝ ՀՀԿ: ՀՀԿ-ին 3 տեղ են տվել Արա Բաբլոյանին, Վահրամ Բաղդասարյանին և Ֆելիքս Ցոլակյանին: Կառավարությունում իրենք են որոշել իրենց ճաշակով՝ ով պիտի ներկա լինի:

Ես հարցնում եմ՝ պարո՛ն Փաշինյան, պառլամենտական և ժողովրդավարական Հայաստանում, որտեղ սեր և համերաշխություն է հռչակվում, պառլամենտի ղեկավարությունն իրավունք ունե՞ր Սարդարապատի 100-ամյակին մասնակցեր, թե՞ չէ: Թե՞ Սարդարապատը միայն ձերն ու նախագահ Արմեն Սարգսյանի տոնն է, թե՞ մենակ ձեր պապերն են կռվել: Անթույլատրելի է նման անհանդուրժողական մթնոլորտը: Այսինքն՝ ԱԺ նախագահությունը, խորհուրդը չեն հրավիրվում պետական միջոցառման: Սա անձնական հարց չի, սա պետական խնդիր է: Փաշինյանը կարող է իր տղայի բանակի քեֆին ինձ չհրավիրել, իր անձնական միջոցառմանն ինձ չհրավիրել, բայց կներեք, սա ոչ Փաշինյանի, ոչ նախագահի ընտանեկան միջոցառումը չի, սա պետական միջոցառում է, որտեղ անկախ անձից ու կուսակցական պատկանելությունից խորհրդարանի ղեկավար մարմինները պետք է հրավիրված լինեին, ինչը չի արվել: Եթե սա է համերաշխության և սիրո մթնոլորտը, ես շատ լուրջ մտահոգություններ ունեմ, մարդիկ էլ պիտի ունենան»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES