11 գյուղերի բնակիչներ փակել են Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը Ղուկասյանի հատվածում

Շիրակի մարզի Աշոցքի շրջանի 11 գյուղերի բնակիչներ փակել են Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով բարձրացնել մթերվող կաթի գինը:

Ըստ գյուղացիների նախկինում կաթը այս գյուղերից մթերում էին 160-170 դրամով, երեկվանից սակայն, մթերող ընկերությունները որոշել են իջեցնել կաթի գինը 10 դրամով:

«Շուրջ 300 բնակիչներ՝ տղամարդիկ, կանայք, արդեն մեկ ժամ շարունակ փակ են պահում ավտոճանապարհը. Կուտակված տասնյակ մեքենաներ կան, որոնք չեն կարող երթեւեկել: Երեկվանից «Իգիթ», «Մուսայելյան» եւ «Մարիաննա» կաթ մթերող ընկերությունները որոշեցին իջեցնել մթերվող կաթի գինը 10 դրամով, ինչը ձեռք չի տալիս գյուղացիներին: Մենք պահանջում ենք, որ վերանայեն եւ բարձրացնեն գինը»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի գյուղապետ Արթուր Ալոյանը:

Գյուղացիների խոսքերով իրենք պահանջում են նոր կառավարության անդամների միջամտությունը: «Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում եւ պահանջում ենք, որ նոր կառավարությունը լսի մեր խնդիրները, միջամտի եւ լուծումներ տան»,-հայտարարում են գյուղացիները: Նրանք չասացին, թե երբ են պատրաստվում բացել ավտոճանապարհը, ասացին, որ փակել են անժամկետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES